Ընթերցողներին կներկայացվի Զարա Բաբայանի Հայոց ցեղասպանությանն անդրադարձող «Կրկին ծնվածները» գիրքը
Հայոց ցեղասպանության թեմայով Զարա Բաբայանի «Կրկին ծնվածները» գիրքը կդրվի ընթերցողի սեղանին: Գրքի շնորհանդեսը կանցկացվի ապրիլի 23-ին «Դարան» գրախանութում:
«Կրկին ծնվածները» գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը՝ «Օտարագիր» մատենաշարով: Այն հայերեն է թարգմանվում առաջին անգամ: Թարգմանիչը Ներսես Աթաբեկյանն է:
Վիպակը ցեղասպանության խորքը մինչև վերջ բացելու հնարավորություն ընձեռող պատմություն է՝ որքան անհավատալի, նույնքան հավատարժան, որքան իրական, նույնքան հրաշալի։
«Այս ստեղծագործության ընթերցումը հիրավի յուրաքանչյուր հայի համար պարտադիր է ոչ զուտ այն պատճառով, որ մեր անցյալի ամենաողբերգական ու տակավին չհասկացված իրադարձության մասին է, կամ որ հայ և համաշխարհային գրականության մեջ ցեղասպանությանը նվիրված վեպերը քիչ չեն և ոչ էլ անգամ այն պատճառով, որ ցեղասպանության մասին գրված վեպ-վիպակների մեջ, չեմ վարանելու ասել, լավագույններից է: Գնահատման իմ չափանիշը գեղարվեստական հյուսվածքի անուրանալի արժանիքները, տեխնիկական հնարքները կամ ոճը չեն բնավ, որ շատերն այս կամ այն ստեղծագործությունն արժևորելիս կարևորում են ստեղծագործության բովանդակությունն ու խորքը անտեսելու հաշվին. մոլորություն, որ ոճապաշտ Նաբոկովին, օրինակ, թույլ չտվեց հասկանալ ու գնահատել Դոստևոսկու հանճարը»,- նշում է գրքի առաջաբանի հեղինակ Հրաչյա Սարիբեկյանը՝ հավելելով, որ «Կրկին ծնվածների» հենքը, ինչպես հեղինակն է հուշում, իրական պատմություն է, այնպիսի իրական պատմություն, որ կգերազանցեր ցանկացած հորինվածք:
«Այս փոքրիկ վեպը կարդալուց հետո չի անհետանում տպավորությունը, թե ցեղասպանության մասին այս կերպ պիտի գրվեր, միայն ու միայն այս կերպ, այս աստիճան սպառիչ, եթե գեղարվեստական գրականության վերաբերյալ «սպառիչ» բառը գործածելի է, իհարկե, որ այս տեքստն անպայմանորեն երկու սրբազան պատումների՝ Աստվածաշնչի ու մեր էպոսի զուլալ ակունքներից կարող էր բխել միայն, առանց որոնց հնարավոր չէ ընկալել Զառա Բաբայանի հստակ ու զուլալ պատումը, քանզի ստեղծվել է մի տեքստ, որ կամրջում է նաև այդ երկու սրբազան տեքստերը»,- հավելում է Սարիբեկյանը:
Կարծիքներ