Եգիպտոսում Հայաստանի դեսպանատունը Կահիրեի 20 ամենատեսարժան վայրերից է
Նեղոսի մերձափնյա Զամալեկ թաղամասն անվանում են դեսպանատների թաղամաս։ Այստեղ է գտնվում նաև Հայաստանի Հանրապետության դեսպանատունը։ Այն համարվում է Զամալեկի ճարտարապետական զարդը։
Կահիրեի այն հատվածներում, որտեղ հայեր են ապրում, ամեն քայլափոխի հայ բարերարների նկարներ, արձաններ ու հիշողություններ են։ Նրանց ժառանգության շնորհիվ հայկական համայնքը այսօր էլ շարունակում է իր կրթամշակութային ազգապահպան գործունեությունը։
«Եգիպտոսն այս իմաստով տարբերվում է մեր տարածաշրջանի երկրներից։ Ունեցել ենք այնպիսի ականավոր քաղաքական դեմքեր, ովքեր լուրջ դերակատարում են ունեցել ոչ միայն եգիպտական համայնքի, այլ նաև ամբողջ հայության կյանքում», -ասում է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը:
«Մեր դեսպանության շենքը գեղեցիկներից մեկն է։ Կահիրեում ունեն մի ցուցակ՝ «Ուր այցելել Կահիրեում», մեր շենքը առաջին քսանյակի մեջ է։ Իր գեղեցիկ ճարտարապետական տեսքով այն տարբերվում է Կահիրեի մյուս շատ գեղեցիկ պալատներից ու շենքերից»։
Հայկական դեսպանության շենքը եղել է Սաթենիկ Չագրի առանձնատունը։ Բարերարուհին իր կալվածքը՝ շուրջ 4000քմ, 1976 թվականին նվիրաբերել է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը։ Սաթենիկ Չագրի նվիրատվության, առք ու վաճառքի դատական քաշքշուկների, կալվածքը վերջապես Բարեգործականին վերադարձնելու մասին գրել է Պերճ Թերզյանը՝ Միության՝ Եգիպտոսի շրջանային հանձնաժողովի պատվո ատենապետը։ Հայ-եգիպտական դիվանագիտական հարաբերությունների 20 ամյակին նվիրված «Հայաստանի Հանրապետության՝ Եգիպտոսի դեսպանատան ծննդոցը» գրքում նա ուշագրավ փաստեր է ներկայացնում․
ՀԲԸՄ Եգիպտոսի շրջանային հանձնաժողովի պատվո ատենապետ Պերճ Թերզյան. «Բարեգործականը, այդ կալվածքն առնելով, մեկ մասը ծախեց իր բարեսիրական նպատակներուն համար, իսկ մյուս մասը, որի մեջ առանձնատունն է և մինչ այսօր Բարեգործականի սեփականությունն է, հատկացուցած է ՀՀ դեսպանությանը»։
Հայրենիք-սփյուռք միասնության պաշտոնական կառույցը, որտեղ և՛ դեսպանատունն է, և՛ հյուպատոսարանը, գրեթե մեկդարյա կառույց է։ 1927 թվականին շենքը կառուցել է հայ ճարտարապետ Արամ Անդրանիկյանը։ Պատմամշակութային արժեք համարվող այս շինության կառուցվածքը հետաքրքրում է նաև մերօրյա ճարտարապետներին։
«Մեզ այցելում են Կահիրեի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի ուսանողներ, դասախոսներ, նայում են շենքը, նկարում են, չափումներ են կատարում, իհարկե՝ արտաքինից։ Մեզ համար շատ հաճելի է, որ մեր շենքը նման ուշադրության է արժանանում»,- նշում է դեսպանը։
Վարդագույն թփերով զարդարված բակ, ճարտարապետական ինքնատիպ ոճ, պատմության ու մշակույթի ներդաշնակ միախառնում․ այսպիսին է Նեղոսի ափին հանգրվանած հայկական պատմամշակութային հուշարձանը՝ Եգիպտոսում Հայաստանի դեսպանատունը։
Աղբյուրը՝ armradio.am
Կարծիքներ