Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել:
«Այդ կապակցությամբ 2025 թվականի հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Միքայել Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին:
Հիշյալ ձերբակալման որոշման կատարումը օրենքով սահմանված կարգով հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին: Նկատի ունենալով, որ վարույթի ընթացքում մի խումբ անձանց կողմից խոչընդոտվել է իրավապահ մարմինների օրինական գործունեությունը, ուստի այդ փաստով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննչական կոմիտեն նախազգուշացնում է, որ տարբեր անձանց կողմից իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը, ՀՀ օրենսդրության համաձայն, կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության, որպիսի պայմաններում հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագծի ցանկացած դրսևորումներից»,- ասված է հաղորդագրությունում։
Կարծիքներ