Ձոնիկ Մարգարյանի նամակը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության գլխավոր քարտուղարին
Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (North Atlantic Treaty Organization) գլխավոր քարտուղար պարոն Ենս Սթոլթենբերգին
Արդյո՞ք հայտնի է Ձեզ և դաշինքի կազմակերպության անդամ երկրների՝ Ալբանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Բելգիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Դանիայի, Էստոնիայի, Իսլանդիայի,Իսպանիայի, Իտալիայի,Լատվիայի, Լեհաստանի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Խորվաթիայի,Կանադայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Հունաստանի, Հունգարիայի, Միացյալ Թագավորության, Նիդերլանդների Թագավորության, Նորվեգիայի, Չեխիայի, Չեռնոգորիայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Ֆրանսիայի Ձեր գործընկերներին, որ սույն թվականի սեպտեմբերի 27-ից մոտ 150.000 բնակչություն ունեցող, չճանաչված Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի առաջին իսկ րոպեից ռազմական ընդհանուր հրամանատարությունը իրականացրել են Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետը:
Արդյո՞ք տեղյակ եք Թուրքիայի զինուժի մեծ թվով խմբավորումների վերաբերյալ, որոնք գտնվում են Ադրբեջանում` ծրագրելու, կոորդինացնելու, ուղղորդելու և իրականացնելու Լեռնային Ղարաբաղի վրա հարձակողական գործողությունը. խոսքը 600 զինծառայողների մասին է, ներառյալ՝ 200 հոգանոց մարտավարական խումբը, 50 կարգադրիչները Նախիջևանում, 90 ռազմական խորհրդականները Բաքվում, 120 հոգուց բաղկացած թռիչքային-տակտիկական խումբը Գաբալայի ավիաբազայում, անօդաչու թռչող սարքերի 20 օպերատորները Դալլյար օդակայանում, 50 կարգադրիչները Եվլախի օդանավակայանում, 50 կարգադրիչները 4-րդ բանակային կորպուսում և 20 հոգին Բաքվի ռազմա-ծովային բազայում ու ռազմական ինստիտուտում:
Արդյո՞ք տեղյակ եք, որ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից ներգրավված են մինչև 2000 սիրիացի գրոհային, մինչև 500 լիբիացի վարձկանների խումբ, մի քանի հազար արյունախում ահաբեկիչներ Պակիստանից: Նրանց բոլորին առաջարկվել է ամսական մինչև 2 հազար դոլար աշխատավարձ: Վարձկանների առաջին խումբն Ադրբեջան է ուղարկվել դեռ սեպտեմբերի 22-ին, որոնք Սիրիայում երկշաբաթյա պատրաստություն են անցել թուրք կարգադրիչների մոտ: Նրանք «Փայլաք աշ-Շամ», «Սուլթան Մուրադի բրիգադ», «Ֆիրկատ Համզա» և «Ֆիրկատ Սուլեյման Շահ» խմբավորումների անդամներ են:
Արդյո՞ք տեղյակ եք, Թուրքիայից Ադրբեջան տեղափոխված ռազմական տեխնիկայից, զինամթերքից և մարդուժից:
Արդյո՞ք Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության անդամ Ամերիկայի Միացյալ Նահանգները տեղյակ են, որ փոխադարձ պայմանավորվածությամբ Թուրքիային տրամադրված F-16 ռազմական ինքնաթիռները մասնակցում են պատերազմական գործողություններին՝ Ադրբեջանի կողմից:
Եվ ամենագլխավորը. արդյո՞ք Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության կանոնադրությունը ենթադրում է կանոնադրությամբ նախատեսված քվոտայով տրամադրված զենքն ու զինամթերքը օգտագործել այլ պետություններում, առանց դաշինքի կազմակերպության անդամ բոլոր երկրների համաձայնության:
Հ.Գ. Իհարկե, կարող եք անհետևանք թողնել վերը նշված գրության բոլոր հարցադրումները, սակայն ստիպված եք առերեսվել կարևորագույն մի հանգամանքի հետ. Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը անհապաղ քննարկման խնդիր ունի: Դաշնության անդամ պետության պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը դաշնակից 10 միլիոնանոց պետության և ահաբեկիչների ու գրոհայինների մի քանի հազարանոց խմբավորումներով արդեն 23 օր է պայքարում են 150.000 բնակչություն ունեցող չճանաչված մի պետության հետ՝ որևէ էական հաջողություն չունենալով. զոհվածների և վիրավորների թվաքանակով տասնյակ անգամներ գերազանցելով այդ պետությանը:
Կարծիքներ