Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկա է գտնվել եզդիական տոնակատարությանը
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը եզդիների հոգևոր և աշխարհիկ առաջնորդ ընտանիքի ներկայացուցիչ միր Ըսմաթ Թահսին Սայիդ բեկի, Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի, հայ և եզդի հոգևորականների, այլ պաշտոնյաների ու աշխարհի տարբեր երկրներից ժամանած մեծաթիվ հյուրերի հետ Ակնալիճ համայնքում այսօր ներկա է գտնվել եզդիական հոգևոր կենտրոնի հիմնադրաման 9-րդ, «Տաուսե Մալաք և յոթ հրեշտակներ» անվանակիր Սուրբ տաճարի կառուցման 3-րդ տարվան նվիրված միջոցառմանը:
Ողջունելով ներկաներին հիշարժան օրվա առթիվ՝ մարզպետը նշել է, որ իր համար մեծ պատիվ է ղեկավարելու մի մարզ, որտեղ գտնվում են հայ և եզդի ժողովուրդների հոգևոր կենտրոնները՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ Եզդիական Զիարատ տաճարը, ուր մեծ թիվ են կազմում ազգությամբ եզդիներն ու որի դպրոցներում ուսուցանվում է եզդերենը:
Համբարձում Մաթևոսյանն իր խոսքում նշել է, որ Եզդիական տաճարի հիմնադիր-հովանավոր, լուսահոգի Միրզա Սլոյանի անմիջական աջակցությամբ կառուցված սրբատեղիով եզդի ժողովուրդը վերահաստատել է իր հավատավոր լինելն ու հոգևոր արժեքներին անդավաճան մնալը՝ ամրագրելով նաև հայ և եզդի երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու այն նորովի շարունակելու պատրաստակամությունը. «Արցախյան 44-օրյա պատերազմը վերահաստատեց, որ Արմավիրի մարզում մենք ուս ուսի տված հաղթահարում ենք բոլոր դժվարություններն ու փորձությունները` սերը մեր սրտերում, հույսը մեր մտքերում և հավատը մեր հոգիներում»:
Ամփոփելով իր խոսքը՝ մարզպետը մաղթել է, որ Սուրբ տաճարը միշտ լույսով լցնի եզդիների հոգևոր կյանքը և նպաստի նրա զարթոնքին:
Միջոցառման շրջանակում օրվա խորհուրդն ու կարևորությունը ներկայացնող ելույթներով հանդես են եկել նաև եզդիական համայնքի ներկայացուցիչներ, հոգևորականներ:
Նշանավոր օրն ամփոփվել է ազգային ու ժողովրդական տարբեր կատարումներով:
Կարծիքներ