Ամփոփվեցին Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի արդյունքները
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողությունը։ Հայտարարվեցին օլիմպիադայի հաղթողների ու մեդալակիր թիմերի անունները: Մանսնավորապես, Հայաստանի ներկայացուցիչ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցի սովորող Արման Հայրապետյանը նվաճեց բրոնզե մեդալ։
Ընդհանուր առմամբ, ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել 64 երկրի շուրջ 145 մասնակիցներ։ Մեդալները հանձնեցին համապատասխանաբար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցավ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ նշելով, որ Հայաստանի համար մեծ պատիվ և պատասխանատվություն էր հյուրընկալել մասնակիցներին և նպաստել կարևոր միջոցառման կայացմանը, որի նպատակն է բացահայտել տաղանդավոր երիտասարդներին, խթանել գիտության ոլորտում նրանց հետագա գործունեությունն ու ընդգծել կենսաբանության կարևորությունը ներկայիս ժամանակահատվածում:
«Անկախ մրցույթի անհատական արդյունքներից՝ ձեր մասնակցությունը վկայում է, որ դուք ուժեղագույններն եք աշխարհում։ Բացի դրանից՝ ձեր մասնակցությամբ դուք նաև ապացուցեցիք, որ ունեք բարձր պատասխանատվություն, վճռական կամք և արժեքավոր հմտություններ, որոնք օգնելու են ձեզ ձեր հետագա գործունեության ժամանակ»,- նշեց նա։
Հովհաննիսյանի համոզմամբ՝ 2020 թվականի կորոնավիրուսային հիվանդության համաճարակը ցույց տվեց, որ տվյալների արագ վերլուծությունը և ուսումնասիրությունը շատ ավելի արդյունավետ են դրա տարածումը կանխելու համար։ Նա ընդգծեցեց, որ բացառված չէ, որ ապագայում ի հայտ կգան նոր հիվանդություններ, և այդ ժամանակ մասնակիցները կաջակցեն դրանց կանխարգելմանն ու նոր բացահայտումներով կփրկեն հազարավոր կյանքեր՝ այդկերպ դրսևորելով իրենց հարգանքն ամբողջ մարդկության նկատմամբ։
«Սիրելի՛ մասնակիցներ, այս ընթացքում դուք նաև շրջեցիք Հայաստանով, այցելեցիք պատմամշակութային վայրեր, ինչ-որ չափով ծանոթացաք մեր մշակույթին ու սովորույթներին։ Ես հուսով եմ, որ այստեղից ձեզ հետ ջերմ ու անմոռանալի հիշողություններ, գեղեցիկ տպավորություններ ու նոր գիտելիքներ եք տանում»,- ասաց Հովհաննիսյանը։
ԵՊՀ ռեկտորի համոզմամբ՝ մասնակիցներն իրենց հետագա գործունեությամբ աշխարհն ավելի լավն են դարձնելու և ապահովելու են մեր մոլորակում կյանքի հավերժության անխափան ընթացքը։
Միջոցառումը լավագույնս կազմակերպելու համար ԵՊՀ ռեկտորը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, հովանավորներին ու աջակիցներին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, ԵՊՀ-ի աշխատակիցներին, «Team Telecom Armenia»-ին։
Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Րիոչի Մացուդայը, ողջունելով ներկաներին իր խորին երախտիքը հայտնեց Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարին և ԵՊՀ ռեկտորին, ինչպես նաև բոլոր կազմակերպիչներին, կամավորական խմբերին, որոնք հնարավորություն տվեցին, որպեսզի կայանա միջոցառումը։ Բոլոր ջանքերը, կապված Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի անցկացման հետ, կազմկոմիտեի նախագահի համոզմամբ հաջողությամբ պսակվեցին։
«Սիրելի մասնակիցներ, Հայաստանում գտնվելով դուք ունեցաք բազում հնարավորություններ, ձեռք բերեցիք նոր ընկերներ։ Ձեռք բերած ընկերների մեծ ցանցը կարող եք օգտագործել՝ օժանդակելով ձեր հետագա հետազոտություններին։ Դուք եք կենսաբանության ապագա մասնագետները։ Մենք այսօր համախմբեցինք աշխարհի գրեթե 62 երկրից տարբեր գիտնականների։ Հաջողություն եմ մաղթում բոլորիդ, լիահույս եմ, որ այս Օլիմպիադան կբարելավի ձեր կյանքը»,- ասաց Րիոչի Մուցադայը։
Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան Հայաստան բերելու համար Րիոչի Մուցադան շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի։
Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կոմիտեի նախագահի տեղակալ Լենկա Լիբուսովան, բեմ հրավիրելով օլիմպիադայի գործընկերներին, կազմակերպիչներին, հայտարարեց, որ 2023 թվականին օլիմպադան անցկացվելու է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանը Օլիմիպադայի գավաթը հանձնեց Միացյալ Արաբական Էմիրությունների ներկայացուցիչներին։
Ամփովեցին նաև Երևանի պետական համալսարանում Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի շրջանակում մասնակիցների համար առաջին անգամ նոր ձևաչափով անցկացված «Միջազգային խմբային աշխատանք» միջոցառման արդյունքները։ Հաղթողներին տրվեցին խրախուսական մրցանակներ։
Կարծիքներ