Պրեմիերա, մրցույթ, ցուցահանդես. Մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնն, առցանց ձևաչափով, կմեկնարկի հունվարի 11-ին և կտևի մինչև հունվարի 20-ը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը նշեց, որ սպասվում է հետաքրքիր և բովանդակալից փառատոնային ծրագիր: Փառատոնի շրջանակներում կանցկացվեն ֆիլմերի առցանց պրեմիերաներ, հատուկ ցուցադրություններ, վեբինարներ, ցուցահանդես-մրցույթներ: Շուրջ 29 երկրից ստացված 180 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 62 ֆիլմ 15 երկրից, որոնցից կցուցադրվեն 46-ը:
«Չնայած համավարակի ու պատերազմի դժվարություններին, որոշում կայացվեց անցկացնելու փառատոնը՝ նվիրելով այն Հայաստանի, Արցախի բոլոր երեխաներին որպես նոր հույսի, լույսի առհավատչյա: Այս տարին անսովոր է՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված: Առաջին անգամ ենք առցանց անցկացնում, ինչն ունի իր առավելություններն ու թերությունները: Գլխավոր առավելությունն այն է, որ, սոցիալական մեդիա հնարավորություններն օգտագործելով, կարող ենք լսարանն ավելի մեծացնել: Մյուս կողմից էլ դժվար էր ընկերությունների հետ պայմանավորվելը, որովհետև ավելի քիչ են ֆիլմերը տրամադրում օնլայն ցուցադրությունների համար: Ինչևէ պետք է հարմարվենք եղած պայմաններին՝ փորձելով ընդլայնել լսարանը»,-ասաց Նունե Մանուկյանը:
«Ռոլան» 16-րդ մանկապատանեկան փառատոնի շրջանակներում ներկայացված են մրցութային և ոչ մրցութային անվանակարգեր, ինչպես նաև «Գրան Պրի» մրցանակը: «Լավագույն Խաղարկային ֆիլմ», «Հանդիսատեսի համակրանք», «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ», «Լավագույն ռուսական ֆիլմ» և այլն: Այս տարի անվանակարգերին ավելացել է ևս մեկը՝ «Վիշեգրադի Լավագույն ֆիլմ» նոր անվանակարգը: Անվանակարգի հաղթող ֆիլմերը կպարգևատրվեն հատուկ մրցանակներով: Հաղթողին կընտրեն Գավառի մանկատան սաները:
Փառատոնի շրջանակներում կանցկացվեն ֆիլմերի առցանց պրեմիերաներ, հատուկ ցուցադրություններ, վեբինարներ, ցուցահանդես-մրցույթներ: 16-րդ «Ռոլան» փառատոնի ընթացքում բացառիկ իրավունքով կանցկացվեն բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր «Իմ փոքրիկ քույրիկը» խաղարկային ֆիլմի, «Երալաշ» մանկապատանեկան ամսագրի ամենանոր թողարկումների, «Վիշապագորգը» անիմացիոն ֆիլմի, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների ստեղծած «Քուչա» անիմացիոն ֆիլմաշարի պրեմիերաները: Փառատոնի ժյուրիի համար ծրագրում ընդգրկված է 2019 թ. Օսկար մրցանակաբաշխությանն առաջադրված «Դուստրը» ֆիլմը: Այս տարվա փառատոնի հատուկ ցուցադրություններից է «Հայկական մանկապատանեկան ֆիլմերի» հատուկ ծրագիրը, որում ներկայացված են ժամանակակից հայկական ֆիլմեր՝ «Անահիտ» անիմացիոն ֆիլմը, «Անիկո» ֆիլմը, «Ձյունը» ֆիլմը, «Քաղաքի երազողները» անիմացիոն ֆիլմը:
«Փառատոնում ընդգրկված ֆիլմերը բազմազան են ու հետաքրքիր: Ցանկացած նախասիրությունների տեր երեխաներն ու պատանիները կարող են գտնել իրենց նախընտրած ֆիլմը: Ունենք ընտանեկան ֆիլմեր, որոնք երեխաները կարող են դիտել ծնողների հետ»,-ասաց Նունե Մանուկյանը:
Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամն արդեն չորրորդ տարին է, ինչ փառատոնի հատուկ ծրագրերի շրջանակներում համագործակցում է «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի հետ: Նունե Մանուկյանը նշեց, որ այս տարի Վիշեգրադ-Հայաստան հատուկ ծրագրի շրջանակներում անցկացվելու են ֆիլմերի առցանց ցուցադրություններ, վեբինարներ, ցուցահանդես-մրցույթներ՝ օնլայն և օֆլայն: Ծրագրում ընդգրկվել է 21 ֆիլմ՝ Չեխիայից, Սլովակիայից, Հունգարիայից, Լեհաստանից: Վեբինարներին կմասնակցեն Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Ուկրաինայի և Բելառուսի անվանի կինոգործիչներ, որոնք առցանց հանդիպումներ և ինտերակտիվ վարպետության դասեր կանցկացնեն հայ երեխաների և պատանիների համար:
Փառատոնի շրջանակում նախատեսված են նաև երեխաների ստեղծած աշխատանքների ցուցահանդես-մրցույթներ՝ առցանց ձևաչափով:
Կարծիքներ