Տարբեր երկրների մշակութային կառույցներ Բունդեսթագին կոչ են արել նպաստել Արցախում կրակի դադարեցմանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն իր «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է․
Գերմանիայի և մի շարք այլ երկրների մշակութային հաստատությունների և գիտական կենտրոնների ղեկավարները, քաղաքագետները, լրագրողներն ու արվեստագետները բաց նամակ են հղել Բունդեսթագի պատգամավորներին։
Հարգելի տիկնայք և պարոնայք,
2016 թ.-ի հունիսի 2-ին երկար քննարկումներից հետո Խորհրդարանի պատգամավորները՝ ճնշող մեծամասնությամբ, դատապարտեցին Օսմանյան կայսրությունում հայերի և բնակչության մյուս խմբերի նկատմամբ հետապնդումները, որակեցին դրանք որպես ցեղասպանություն և հայտնեցին ափսոսանք Գերմանական կայսրության մասնակցության կապակցությամբ:
Սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղում կրկին պատերազմ է: Թուրքիայի և Ադրբեջանի բացահայտ նեոօսմանյան կառավարությունների հրահրմամբ հայերին կրկին սպառնում է ոչնչացում: Նախագահ Էրդողանը հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների դեմ: Ոչ միայն Ստամբուլում, այլև նույնիսկ Բեռլինում հայերը ենթարկվում են թշնամական վերաբերմունքի և հարձակումների: Մենք կոչ ենք անում Ձեզ չցուցաբերել անտարբերություն: Անցյալի հանդեպ կարեկցանք արտահայտելը ենթադրում է պատասխանատվություն ներկայի և ապագայի համար: Հրավիրում ենք Ձեր ուշադրությունը Ղարաբաղի քաղաքացիական բնակչության վրա: Եվրոպայի խորհրդում նախագահություն և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անդամակցություն ստանձնելով՝ Գերմանիայի կառավարությունը կրում է պատասխանատվություն և ունի գործիքներ պատերազմական կողմերի վրա ակտիվ ազդեցություն ցուցաբերելու և մարդկային կյանքերը պաշտպանելու համար:
Աջակցե՛ք կրակի անհապաղ դադարեցմանը և Լեռնային Ղարաբաղում նոր միջազգային բազմակողմանի քայլերին:
Մենք հանդես ենք գալիս կրակի անհապաղ դադարեցման, Թուրքիային զինամթերքի վաճառքի դադարեցման և լայնածավալ քաղաքական պատժամիջոցների կիրառման կոչով:
Կարծիքներ