Ինչ չի կարող անել ԱՄՆ-ն TRIPP-ի շրջանակում՝ առանց Հայաստանի համաձայնության. Միրզոյանը պարզաբանում է

Ինչ չի կարող անել ԱՄՆ-ն TRIPP-ի շրջանակում՝ առանց Հայաստանի համաձայնության. Միրզոյանը պարզաբանում է

«Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի շրջանակում ստեղծվող ընկերության մի շարք կարևոր որոշումներ հնարավոր չի լինի ընդունել առանց Հայաստանի համաձայնության՝ անկախ հայկական կողմի բաժնեմասի չափից։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարի խոսքով՝ թեև հայկական կողմի բաժնեմասը կկազմի մինչև 26 տոկոս, Հայաստանը պարտադիր համաձայնության իրավունք կունենա հարցերի լայն շրջանակում։

Մասնավորապես, առանց ՀՀ համաձայնության հնարավոր չի լինի փոխել ընկերության նկատմամբ վերահսկողությունը, վաճառել, փոխանցել կամ նվիրաբերել բաժնեմասերը, կնքել խոշոր ֆինանսական գործարքներ, հաստատել կոնցեսիոն պայմաններ կամ ստեղծել դուստր կազմակերպություններ։

«Չի կարող լինել իրավիճակ, երբ ԱՄՆ-ն որոշի իր ունեցած 74 տոկոս բաժնեմասից թեկուզ 1 տոկոսը նվիրել որևէ անհատի կամ երկրի՝ առանց Հայաստանի համաձայնության»,- ընդգծել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի համաձայնությունը պարտադիր կլինի նաև ազգային անվտանգության և քաղաքական նշանակության հարցերում։

«Եթե նույնիսկ մեկ ձայն ունենք, այդ հարցերի շրջանակում ՀՀ ձայնը, համաձայնությունը պարտադիր է»,- հայտարարել է նախարարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում