Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա. վարչապետ

Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով ՏԻՄ ընտրություններում ճնշումների մասին ստացվող ահազանգերից:

Վարչապետը նշել է, որ նախ՝ դեռևս հիմնավորված ահազանգեր չի ստացել նման ճնշումների մասին, իսկ աշխատանքից ազատման, լծակներ կիրառելու, վարույթներ հարուցելու համար պետք են հիմնավորումներ: Ուղղակի ինչ-որ անձի, դեպքի կամ երևույթի մասին խոսելն առանց հիմնավորման լինել չի կարող: Նրա խոսքով՝ կանգնած է յուրաքանչյուր քաղաքացու կողքին, որը պայքարում է իրավունքի գերակայության համար:

«Ես հասկանում եմ, որ եթե նույն բանի մասին էսքան խոսում են, ասում են, ուրեմն մի բան կա, բայց ինձ պետք է հիմնավորում: Հենց ասվածը կհիմնավորվի, դա կունենա հետևանք: Ժողովրդավարությունը մեզ համար արժեքային համակարգ է և սկզբունք, իսկ դրա պաշտպանությունը՝ մեզ համար առաջնահերթություն, այդ թվում՝ ընտրակաշառքների դեմ ծայրահեղ կոշտ պայքարը»,- ասել է վարչապետը:

Նա հավելել է, որ եթե կիրառվում են վարչական լծակներ՝ ասվում է մասնակցել կամ չմասնակցել այս կամ այն անձի քարոզարշավին, վարչական լծակներ կիրառողը միանշանակ ենթարկվելու է պատասխանատվության: Փաշինյանի խոսքով՝ իր համար խնդիր է, երբ ասվում է, թե ՀՀ-ում վախի մթնոլորտ է տիրում:

«Հայաստանի Հանրապետության բոլոր ընտրողներին կոչ եմ անում գնալ ընտրությունների և քվեարկել վարչական լծակներ, սպառնալիքներ, խծբ ճնշումներ, աշխատանքից ազատելու սպառնալիքներ կամ աշխատանքի ընդունելու խոստումներ գործածող, ընտրակաշառքներ բաժանող և կամ խոստացող թեկնածուների և քաղաքական ուժերի դեմ։

Եթե նման վարքագծով հանդես է գալիս որևէ ՔՊ–ական թեկնածու, կոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ–ական թեկնածուի դեմ։

Քաղաքացիները պետք է իրենց իրավունքների համար պայքարեն։ Կանգնած եմ բոլոր այն քաղաքացիների կողքին, ովքեր իրենց իրավունքների համար կպայքարեն, բայց այդ պայքարն էլ պետք է լինեն արդարացի, փաստարկված, հիմնավորված, որովհետև բանավոր, մերկապարանոց հայտարարությունների վրա մենք չենք կարող գործել։

Տվեք հիմնավորում և ես խոստանում եմ, որ կգնամ այդ հիմնավորումների հետևից:

Նման բոլոր դեպքերի մասին դիմեք ինձ կամ իրավապահ մարմիններին։

Բոլոր հանրապետական, մարզային, քաղաքային նշանակության պաշտոնյաներին ու ղեկավար անձանց կոչ եմ անում ժողովրդավարության կանոններից մեկ մմ չշեղվել. ովքեր դուրս կգործեն իմ ասածից, կապ չունի՝ ով կամ որ կուսակցությունից է այդ թեկնածուն, գնացեք ու դեմ քվեարկեք այդ մարդուն»,- ասել է վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում