ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները
Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մունզեր Խալիլի Ալ-Ջուբուրիին:
Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, Արթուր ՄԱրտիրոսյանը ողջունել է Սուհայլան Մունզեր Խալիլի Ալ-Ջուբուրիի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ հայկական կողմը շահագրգռված է բարեկամ Իրաքի հետ համագործակցության հեռանկարներով.
«Պատմականորեն արաբ ժողովրդի հետ բարեկամության լավ ավանդույթներ կան. ունենք բարենպաստ միջավայր և չօգտագործված ներուժ, որը պատրաստ ենք զարգացնել»:
ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ կարևորում են Հայաստանի հետ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության հեռանկարները: Նրա դիտարկմամբ՝ հայ համայնքի ներդրումը Իրաքի հասարակական և մշակութային կյանքում, ինչպես նաև երկու ժողովուրդների բարեկամությունն առավել ամրապնդելու գործում բավական մեծ է. «Հայերը շատ վստահելի և ազնիվ մարդիկ են: Նրանց վրա իսկապես կարելի է հույս դնել»:
Կողմերն առաջարկել են հարաբերությունները զարգացնել երկու երկրների ճանաչված բուհերի և գիտահետազոտական հաստատությունների միջև փորձի փոխանակման միջոցով: Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է ոչ միայն ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնել, այլև կիսվել կրթական բարեփոխումների հայկական փորձով: ԿԳՄՍ նախարարի տեղակալն իրաքյան կողմին տեղեկացրել է, որ վերջերս Ազգային ժողովն ընդունել է ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որը հանդիսանալու է առաջիկա տարիների հիմնական ռազմավարական ուղենիշ՝ ուղղորդելով և համակարգելով ոլորտի հետագա բարեփոխումներն ու զարգացման ծրագրերը:
««ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» նախատեսում է նաև էականորեն փոխակերպել բարձրագույն կրթական համակարգը, որպեսզի այն լինի միջազգայնորեն մրցունակ: Այս նպատակադրման համար նախատեսվում են հայաստանյան բուհերի միջազգայնացմանն ուղղված ծրագրեր։ Այս համատեքստում վստահ ենք, որ բարեկամ Իրաքից ավելի մեծ թվով ուսանողներ կունենանք ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև զարգացնելու իրավապայմանագրային բազան, ինչի արդյունքում ակնկալվում է, որ բարձրագույն կրթության, մշակութային և մարզական հաստատությունները լավ ազդակ կստանան՝ երկկողմ համագործակցությունն ակտիվացնելու համար:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը երկու ժողովուրդների միջև համագործակցությունը զարգացնելու և ճանաչողության մակարդակը բարձրացնելու նպատակով առաջարկել է դիտարկել Հայաստանում և Իրաքում սեմինարների ու կլոր սեղանների կազմակերպումը, ինչպես նաև երկու երկրներում անցկացվող մշակութային փառատոներին և ցուցահանդեսներին մասնակցության ապահովումը:
Արթուր Մարտիրոսյանը դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի ուշադրությունը հրավիրել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին՝ նշելով, որ հայկական կողմն այս առումով ակնկալում է միջազգային հանրության, այդ թվում՝ Իրաքի Հանրապետության աջակցությունը, որպեսզի Ադրբեջանը զերծ մնա հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց և աղավաղելուց:
Մարզական ասպարեզում համագործակցության տեսանկյունից Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է ապահովել իրաքյան թիմերի մասնակցությունը Երևանում անցկացվելիք միջազգային մրցաշարերին, ինչպես նաև դիտարկել Հայաստանում ուսումնամարզական հավաքներ և հայ մարզիկների հետ մարզումներ անցկացնելու հնարավորությունը:
Կողմերը վստահություն են հայտնել, որ նմանօրինակ այցերը լրացուցիչ խթան կհանդիսանան երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերն ամրապնդելու և խորացնելու առումով:
Կարծիքներ