Գերեզմանոց տանող ճանապարհը խցանված էր․ քաղաքացին՝ համավարակով պայմանավորված իրավիճակի մասին
«Կորոնավիրուս. առանց խուճապի» ֆեյսբուքյան խմբի անդամ Սոնա Խաչատրյանը գրառում է արել ընտանիքում կորոնավիրուսի հետևանքով դժբախտ դեպքի մասին, ու նշել, թե ինչ սարսափելի իրավիճակ է տիրում համավարակով պայմանավորված․
«Հարգելի՛ խմբակիցներ,
ինձ ճանաչողները շատ լավ գիտեն, որ իմ անձնական-ընտանեկան կյանքն ամբողջովին փակ է ՖԲ հարթության համար։ Հիմա էլ փակ կլիներ, եթե իրավիճակը այսքան ողբերգական չլիներ։
Երեկ մենք հուղարկավորեցինք հորս, որի մահվան պատճառը կորոնավիրուսն էր։ Ընտանիքիս բոլոր անդամները բացի հայրիկից՝ պատվաստված էինք։ Ինքը ուներ հստակ հակացուցումներ, դրա համար էլ չպատվաստվեց։
Հոկտեմբերի 23-ին նրա մոտ հաստատվեց կորոնավիրուս, ամսի 25-ին որոշեցինք տանել կլինիկա՝ թոքերի ԿՏ անելու։ Գնացինք գիշերը 21:00-ից հետո, որպեսզի մի քիչ թեթև լինի հիվանդանոցը։
Ի՞նչ թեթև։ Մեզնից առաջ հերթագրված 42 ջերմող մարդ էր սպասում։ Բժիշկն ասաց՝ օրվա ընթացքում 500 մարդ են արդեն ճանապարհել։ Պատասխանը տվեցին միայն հաջորդ օրը։ Եղբայրս բժիշկ ընկերոջը դիմեց, նա էլ խորհուրդ տվեց միանգամից տանել հիվանդանոց, որովհետև բազմաթիվ հիվանդություններ ուներ և ճիշտ կլիներ, որ նա լիներ բժիշկների հսկողության տակ։ Ամսի 26-ին հայրիկիս հոսպիտալացրեցին, մեկ օր անց արդեն ձայնը դուրս չեկավ։ Այդ օրը բժիշկը զանգահարեց եղբորս և ասաց՝ վիճակը ծանր է։ Հաջորդ օրը հայրիկի վիճակը կտրուկ վատացավ և վերակենդանացման բաժանմունքում մահացավ։ Պատճառը՝ սրտի ու ուղեղի կաթվածներ (2-ը իրար հետ): Միանգամից նշեմ՝ բժիշկներն իրոք արեցին հնարավոր ամեն ինչ, և ոչ մեկին չենք մեղադրում։ Հիվանդությունները շա՜տ շատ էին։
Դրանից հետո մեր ընտանիքում սկսվեց մի մեծ մղձավանջ։ Թվում է՝ ավելի վատ ի՞նչ կարող է լինել։ Սկսեցինք լուծել գերեզմանի հարցը․ գերեզմանոցում մինչև նոյեմբերի 4-ը հուղարկավորություն չեն անում։ Եղբորս ասացին՝ այնքան շատ են մահացածները, որ վախենում են փոսերը խառնել։ Մի կերպ համոզեց, որ տեղ տան։ Երբ գնաց տեղը նայելու՝ շոկի մեջ էր։ բազմաթիվ նոր թաղումներ, այն էլ՝ երկու-երկու։ Մի ընտանիքից երկու մարդ մահացել է կորոնավիրուսից։ Այդ պահին գերեզմանոցում հաշվեց 14 թաղում։ Մոտեցավ սգո սրահ, տնօրենը կանչեց բոլոր ննջեցյալների հարազատներին ու խնդրեց իրար հետ հուղարկավորության տարբեր ժամեր պայմանավորվել։ Պատճառը՝ գերեզմանոց տանող ճանապարհի խցանումներն են։ Նույն բանը անում են նաև մյուս սգո սրահները։ Դա էլ արվեց։
Գնացինք հիվանդանոց՝ դիակի հետևից։ Շատ չվազվզելու համար որոշեցինք հենց կից սգո պարագաների խանութից օգտվել։ Եվս մեկ շոկ․ բոլոր դագաղները գնված էին, կպչուն թղթերով ննջեցյալների անունները գրված-կպցրած։ Ասացին՝ մի ժամից եկեք։ Մեկ ժամ հետո մոտեցանք՝ երկու բեռնատար նոր պարագաներ բերեցին, գնեցինք։ Տարանք սգո սրահ։ Հաջորդ սարսափը․ քահանա չենք կարողանում գտնել։ Բոլորի մոտ արդեն ժամ-ժամ հուղարկավորության գրանցում կա։ Ստիպված գնացինք Մայր Աթոռ և կուսակրոն աբեղա բերեցինք։
Այսօր ինքնահողն էր։ Սգո սրահից խնդրեցին առավոտյան գնալ․ հանկարծ թաղումների հետ չխառնվենք։ Սգո սրահների աշխատողները Event manager են դառել։ Այսօր հորս գերեզմանի հարևանությամբ զույգ փոսեր էր փորված։
Ինչո՞ւ եմ այսքան երկար գրում և այստեղ։ Իրավիճակի լրջության աստիճանը մեծամասնությունը չի պատկերացնում։ Մենք էլ չէինք պատկերացնում։ Ցանկանում եմ, որ այս տեքստը կարդան նրանք, ովքեր մինչև հիմա երկմտում են՝ պատվաստվեն թե՞ չէ։ Ցանկանում եմ, որ սա կարդան խմբակից լրագրողները և թեման լուսաբանեն այնպես՝ ինչպես կա, այլ ոչ թե ըստ գլխավոր խմբագրի քաղաքական հայացքների։ Ցանկանում եմ, որ մարդիկ այս թեմայով ցանկացած բան հրապարակելիս զգոն լինեն ու հասկանան՝ իրենց կարդում են հիվանդների հարազատները կամ հիվանդները՝ որոնց համար ձեր գրառումը կարող է ճակատագրական լինել։
Առողջ եղեք։ Աստված բոլորին պահապան»։
Կարծիքներ