AI նախագծի համար Թումոն առաջին մրցանակ է ստացել Դոհայում WISE մրցանակաբաշխությունում

AI նախագծի համար Թումոն առաջին մրցանակ է ստացել Դոհայում WISE մրցանակաբաշխությունում

Նոյեմբերի 25-ին՝ Կատարի Դոհա քաղաքում անցկացվող WISE12 գագաթնաժողովի ընթացքում, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն արժանացել է WISE Prize for Education-ի առաջին մրցանակին իր AI կրթական նախագծի համար։ Մրցանակը շնորհվել է Թումոյի գեներատիվ AI կրթական ոլորտի ու AI colearner ինքնուսուցման հարթակի համար, որոնք հնարավորություն են տալիս աշխարհի տարբեր երկներում գործող Թումո կենտրոնների պատանիներին անվճար ձեռք բերել խորացված AI հմտություններ։

WISE Prize for Education-ի մեկ միլիոն դոլար մրցանակը, որը տրվում է կրթության ոլորտի համաշխարհային առաջատարներին, իրականացնում է World Innovation Summit for Education-ը։ 2024-2025 տարվա համար WISE-ը ստացել է 427 հայտ ամբողջ աշխարհից։ Միջազգային փորձագետներից կազմված ժյուրին եզրափակիչ փուլի համար առանձնացրել է վեց նախագիծ, որոնց լուծումները հասցեագրում են հրատապ կրթական մարտահրավերներ՝ ներառյալ արհեստական բանականության կիրառությունը դասավանդման և ուսումնառության մեջ։ WISE մրցանակի նախկին դափնեկիրների շարքում են Ուենդի Քոպը՝ Teach For America-ի և Teach For All-ի գործադիր տնօրենը, և Սաֆինա Հուսեյնը` Educate Girls հասարակական կազմակերպության հիմնադիրը, որը նախաձեռնում է աղջիկների կրթական համայնքներ Հնդկաստանի գյուղական տարածքներում։

«WISE մրցույթի կողմից հասցեագրվող հիմնական մարտահրավերներից մեկը AI-ի ազդեցությունն է կրթության վրա։ Թումոյի լուծումը ենթադրում է AI-ի կիրառում միաժամանակ որպես կրթական նպատակ և ընդհանուր ուսումնական նպատակներին հասնելու միջոց։ Սա կատարելապես համապատասխանում է մանկավարժական մեթոդները ներսից փոխող նորարարություններին աջակցելու մեր առաքելությանը», – նշում է WISE-ի ծրագրերի ղեկավար Աուրելիո Ամարալը։

Թումոյի AI կրթական ծրագիրը կառուցված է նորարարական հարթակի շուրջ, որտեղ AI ագենտները հանդես են գալիս ոչ թե որպես դասատու, այլ որպես դասընկեր՝ սովորելով ուսանողի հետ կողք-կողքի։ Ուսանողները սովորում են ուսուցանելով, երբ ուսանողը յուրացնում է գաղափարը, AI colearner-ը միտումնաբար սխալվում է և օգնություն խնդրում։ Դասընկերոջն օգնելն ամրապնդում է ուսանողի նոր ձեռք բերած գիտելիքը։ Ուսանողները սովորում են հետևելով. երբ նրանք չգիտեն՝ ինչպես սկսել, AI-ն առաջինն է կատարում առաջադրանքը, իսկ ուսանողը կրկնում է ու առաջ շարժվում։ AI colearner-ն անմիջապես հարմարվում է ուսանողի կրթական ռիթմին և համատեքստին՝ տրամադրելով դիտարկումներ իրական ժամանակում որպես դասընկեր։ Այս հարթակի վրա հենվելով՝ Թումոն զարգացրել է գեներատիվ AI նոր կրթական ոլորտը, որը կենտրոնանում է բազմամոդալ գեներատիվ AI տեխնոլոգիաների ստեղծարար կիրառության վրա։ Այս ոլորտում պատանիները կարող են փորձարկումներ անել գեներատիվ AI-ով ոչ թե որպես պասիվ սպառողներ, այլ ակտիվ կիրառողներ։ Նրանք զարգացնում են ստեղծարարությունը և ձևավորում իրենց գաղափարները։ Գեներատիվ AI-ը համալրում է Թումոյի՝ տեխնոլոգիաների և դիզայնի կրթական ոլորտները, իսկ AI բաղադրիչներն աստիճանաբար ինտեգրվում են բոլոր ոլորտներում՝ անիմացիա, խաղերի ստեղծում, ծրագրավորում, գրաֆիկական դիզայն, ստեղծագրություն և այլն։

«WISE Prize հաստատում է, որ կրթության մեջ AI-ը կարող է լինել մարդակենտրոն, հետևողական և ներառական», — նշում է Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, — «Այն, ինչ սկսվեց որպես փորձարարություն Հայաստանում, այժմ շատ ավելի մեծ ծրագրի մաս է, որի նպատակն այն է, որ աշխարհի բոլոր պատանիները կարողանան սովորել և ըմբռնել AI-ը ու ձևավորեն դրա կիրառությունը»։

Թումոն անվճար արտադպրոցական ծրագիր է, որը համադրում է ինքնուսուցման վարժանքները, դասընթացներն ու նախագծահեն աշխատարանները տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում։ Պատանիներն ստեղծում են իրենց կրթական ուղին Թումո Շավիղ հարթակի միջոցով՝ ձևավորելով պորտֆոլիոներ, որոնք արտահայտում են իրենց հետաքրքրություններն ու հմտությունները։ Կրթական մոդելում AI ծրագրի ներմուծումով՝ Թումոն նպատակ ունի պատանիներին դարձնել սուպերսովորողներ և բանիմաց AI կիրառողներ, որոնք կարող են հարմարվել նոր գործիքներին, քննադատաբար մտածել դրանց ազդեցության մասին և մասնակցել նորարարական էկոհամակարգերին։

Հիմնադրվելով Հայաստանում 2011 թվականին, Թումոն վերաճել է միջազգային կենտրոններով և տուփերով ցանցի, որը շաբաթական ծառայում է 32,000 ուսանողի Հայաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Նիդեռլանդներում, Արգենտինայում, Պորտուգալիայում, Ալբանիայում և այլն։ WISE Prize մրցանակը նոր էջ է բացում այս զարգացման ճանապարհին՝ ընդգծելով AI-ի դերը Թումոյի լայն մասշտաբով կյանքեր փոխող կրթական փորձառություն տրամադրելու առաքելությունում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում