Շրջակա միջավայրի կառավարման ոլորտում մասնագետների դերն առանցքային է, և առանց այս դարբնոցի, որը տվյալ մասնագետներին է տալիս պետությանը, շատ դժվար կլինի խորքային բարեփոխումներ անել. Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի կառավարման ոլորտում մասնագետների դերն առանցքային է, և առանց այս դարբնոցի, որը տվյալ մասնագետներին է տալիս պետությանը, շատ դժվար կլինի խորքային բարեփոխումներ անել. Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր այցով Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում էի։ Ինքս ավարտել եմ նույն ֆակուլտետի «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում և գնահատում» բաժինը։

Ինձ ուղեկցում էին Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Արթուր Պետրոսյանն ու «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը, ովքեր նույնպես Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շրջանավարտներ են։

Շրջեցի հարազատ ֆակուլտետում, ապա ֆակուլտետի դեկան` երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ պարոն Մարատ Գրիգորյանի նախաձեռնությամբ մի քանի ժամ տևած բովանդակային հանդիպում-քննարկում ունեցա պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։Քննարկվող հարցերի շրջանակը բավականին լայն էր՝ մասնագիտականից մինչև ներքին քաղաքական։

Շնորհակալություն հայտնելով նման հաճելի հանդիպման համար՝ նախ ներղություն խնդրեցի ֆակուլտետ այցիս ուշացման համար, ինչը պայմանավորված էր մի շարք օբյեկտիվ հանգամանքներով, ապա ներկայացրեցի իմ նախարար նշանակվելու օրվանից մինչ այժմ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնած շրջադարձային բարեփոխումները, ընթացիկ իրավիճակը, խոսեցի մեր տեսլականից և ոլորտի մասնագետներ պատրաստող ֆակուլտետի ու պետական գերատեսչության փոխգործակցության անհրաժեշտության և հեռանկարների մասին։

Այս այցով ցանկություն ունեի մի շատ կարևոր, ինստիտուցիոնալ ամրագրում անել՝ շրջակա միջավայրի կառավարման ոլորտում մասնագետների դերն առանցքային է, և առանց այս դարբնոցի, որը տվյալ մասնագետներին է տալիս պետությանը, շատ դժվար կլինի խորքային բարեփոխումներ անել։

Քննարկման արդյունքում ևս մեկ անգամ արձանագրեցինք, որ ճիշտ է՝ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ որոշակի կառավարչական խողովակներով համագործակցում ենք, բայց բացակայում է փոխգործակցության այն հարթակը, որը ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին ու ուսանողներին կկապի ոլորտի քաղաքականությունն իրականացնող գերատեսչության հետ։

Բոլորս էլ հասկանում ենք, որ գլոբալ առումով շրջակա միջավայրի կառավարման ոլորտում առկա խնդիրների մեծ մասը,որոնք ուղղակիորեն ազդում են կյանքի որակի վրա, անմիջականորեն կապված է հիմնարար էկոկրթության բացակայության հետ։ Էկոկրթությունը միայն բուհական կամ դպրոցական շրջանի բնագիտական առարկայի դասաժամը սերտելը չէ, դա կենսակերպ է, վարքուբարք, որի ինստիտուցիոնալ փոփոխությունների ուղղությամբ ևս այս պահին աշխատանքներ են տարվում։Եվ այդ համատեքստում խիստ անհրաժեշտ է համալսարանի՝ որպես որակյալ մասնագետներ պատրաստող լիիրավ ինստիտուտի ակտիվ ներգրավվածությունն ու նախաձեռնողականությունը։

Յուրաքանչյուր ոք իրեն պետք է պատասխանատու զգա շրջակա միջավայրի պահպանության համար: Այս ուղղությամբ նույնպես լուրջ անելիքներ կան: Բնապահպանության ոլորտում 1000 մղոն ճանապարհ ունենք անցնելու, և առաջին քայլերն արդեն արված են։

Առաջարկեցի մտածել,ձևավորել և իստիտուցիոնալ կայացնել նման հարթակ։

Ուսանողներին հետաքրքրում էին մասնավորապես ոլորտում ու նախարարությունում առկա մասնագիտական աշխատատեղերի հարցը։ Խոսեցի նախարարության կադրային քաղաքականության մասին, ներկայացրեցի, թե ինչ որակավորում ունեցող մասնագետների կարիք կա այս պահին շրջակա միջավայրի նախարարությունում և ենթակա ՊՈԱԿ-ներում։

Լսեցի ոլորտի մասնագետների ներկայացրած խնդիրների վերաբերյալ ահազանգերը, տեսակետները, խոստացա դիտարկել դրանք, ականջալուր լինել նրանց խորհուրդներին, որպեսզի շատ ավելի արդյունավետ իրականացնենք մեր պաշտոնական պարտականություններն ու լիազորությունները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում