Անազատության մեջ պահվող և հայերենին չտիրապետողների համար 24/7 ռեժիմով կապահովվի 32 լեզվի բանավոր և գրավոր թարգմանություն
Անազատության մեջ պահվող և հայերենին չտիրապետող անձանց համար 24/7 ռեժիմով իրականացվելու է առնվազն 32 լեզուների բանավոր և գրավոր թարգմանություն, այդ թվում նաև՝ սուրդոթարգմանություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ընդ որում՝ կատարվելու են ոչ բարդ, միջին բարդության, միջին բարդության մասնագիտական, բարդ, բարդ մասնագիտական գրավոր և բանավոր թարգմանություններ 24 ժամ/7 օր աշխատանքային ռեժիմով (նաև հանգստյան և տոնական օրերին՝ առանց բացառության) Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական բոլոր հիմնարկներում:
Վարչության տարածած հաղորդագրության մեջ ասված է.
«Տարիներ շարունակ անազատության մեջ պահվող և հայերենին չտիրապետող անձանց հետ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների շփումը եղել է համակարգային խնդիր այն պատճառով, որ վերջիններս չեն տիրապետել անհրաժեշտ լեզուների, և չեն իրականացվել թարգմանչական ծառայություններ, որոնք կօգնեն ապահովել արդյունավետ շփումն անազատության մեջ պահվող անձանց հետ:
Շփման հնարավորությունը մեծացնելու նպատակով՝ փորձ է կատարվել ապահովել տվյալ լեզվին տիրապետող, անազատության մեջ գտնվող այլ անձանց կամ աշխատակիցների ներգրավումը: Արդյունքում՝ չի ապահովվել պատշաճ և պրոֆեսիոնալ մակարդակով հաղորդակցություն, տուժել են անազատության մեջ գտնվող անձինք, առավելագույնս չի ապահովվել նրանց հետ արդյունավետ շփումը, վերջիններս ավելի քիչ են ներգրավված եղել վերասոցիալականացման միջոցառումներին:
Կալանավորված անձանց և դատապարտյալներին Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերման նպատակով այս տարի առաջին անգամ հայտարարվել է մրցույթ: Մրցույթի արդյունքում ճանաչվել է հաղթող մասնակից, ում հետ կնքվել է պայմանագիր:
Պայմանագրի շրջանակներում իրականացվելու է առնվազն 32 լեզուների բանավոր և գրավոր թարգմանություն, այդ թվում նաև՝ սուրդոթարգմանություն, ընդ որում՝ կատարվելու են ոչ բարդ, միջին բարդության, միջին բարդության մասնագիտական, բարդ, բարդ մասնագիտական գրավոր և բանավոր թարգմանություններ 24 ժամ/7 օր աշխատանքային ռեժիմով (նաև հանգստյան և տոնական օրերին՝ առանց բացառության) Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական բոլոր հիմնարկներում:
Նախաձեռնության արդյունքում այսուհետ կլուծվի անազատության մեջ պահվող, հայերենին չտիրապետող անձանց և քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների միջև հաղորդակցության առկա բարդությունները, ինչպես նաև կստեղծվի առավել բարենպաստ միջավայր՝ անձանց իրավունքների իրացման և պարտականությունների պատշաճ կատարման համար։
Առաջիկայում կդիտարկվի նաև համանման ձևաչափով «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համար առանձին ծառայություններ ձեռք բերելու հնարավորությունը»:
Կարծիքներ