Պահպանենք մեր անտառները՝ կանխելով հրդեհները

Պահպանենք մեր անտառները՝ կանխելով հրդեհները

Ամառվա շոգ օրերին անտառային հրդեհների վտանգը զգալիորեն մեծանում է։ Անգամ անզգույշ նետված մեկ ծխախոտը, չմարված խարույկը կամ կայծը կարող են հանգեցնել մեծ աղետի՝ վտանգելով մարդկանց կյանքը, կենդանական աշխարհը և բնությունը։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին լինել առավել զգոն և պահպանել հրդեհային անվտանգության կանոնները.

• Մի՛ վառեք խարույկներ այն վայրերում, որտեղ դա արգելված է կամ վտանգավոր է։
• Խարույկ վառելու դեպքում համոզվեք, որ այն ամբողջությամբ մարված է՝ նախքան տարածքը լքելը։
• Մի՛ նետեք վառված լուցկիներ, ծխախոտի մնացորդներ կամ այլ այրվող առարկաներ։
• Եթե նկատում եք ծուխ կամ հրդեհ, անմիջապես տեղեկացրեք համապատասխան մարմիններին և հնարավորության դեպքում հեռացեք վտանգավոր տարածքից։

Յուրաքանչյուրիս պատասխանատու վերաբերմունքը կարող է կանխել մեծ կորուստները։ Եկե՛ք միասին պաշտպանենք մեր անտառները, շրջակա միջավայրը և մարդկային կյանքերը։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արդեն չորս տարի է իրականացնում է նաև  «Հայաստանում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում․ VolFiRe» ծրագիրը։  Այս նախագիծնը կյանքի է կոչվում Ավստրիական զարգացման գործակալության և Ավտրիական Կարմիր խաչի ֆինանսավորմամբ Հայկական Կարմիր խաչի ընկերության, Ավստրիական Կարմիր խաչի, Հայկական Կարիտասի, Կարիտաս Ավստրիայի և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության սերտ համագործակցությամբ։ Ծրագրի աշխարհագրական ծածկույթն ընդգրկում է Հայաստանի 9 մարզերի 13 համայնքներ, մասնավորապես՝ Արենին, Բաղրամյանը, Ծաղկաձորը, Տեղը, Ապարանը, Ճամբարակը, Գառնին, Կապանը, Նոյեմբերյանը, Սպիտակը, Թալինը, Վայքը և Վեդին։

Հայաստանի քաղաքացիական պաշտպանության համակարգն ավանդաբար հենվել է պետական պրոֆեսիոնալ ծառայությունների վրա, ինչը սահմանափակում է արձագանքման հնարավորությունները հեռավոր շրջաններում և խոշոր աղետների ժամանակ։ VolFiRe ծրագիրը, հիմնվելով նախկինում իրականացված «StrengthVol» պիլոտային նախագծի փորձի վրա, նպատակ ունի ներդնել և ազգային համակարգում ինտեգրել Կամավորական հրշեջ-փրկարարական խմբերի մոդելը, որը թույլ կտա ձևավորել համայնքահեն և կայուն արձագանքման մեխանիզմ։

Այս մոդելի շրջանակներում կամավորները պայմանագրեր են կնքում Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ և ՆԳՆ Փրկարար ծառայությունում ատեստավորման քննություններ հանձնելուց հետո ստանում փրկարարի պաշտոնական վկայական։ Կամավորական խմբերը գործում են մշտական 24/7 ռեժիմով՝ արձագանքելով 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգերին: Ծրագրի մեկնարկից ի վեր գործող կայանների թիվը 2-ից հասել է 13-ի, իսկ կամավորներն արձագանքել են շուրջ 190 իրական պատահարների, որոնք ներառում են անտառային և կենցաղային հրդեհներ, ջրհեղեղներ ու ճանապարհատրանսպորտային պատահարներ։

Ծրագրի ընթացքում զգալի աճ են գրանցել նաև կամավորների ներգրավվածության և ներառականության ցուցանիշները։ Եթե 2024 թվականի սկզբին ցանցն ուներ ընդամենը 80 ակտիվ կամավոր, ապա 2025-2026 թվականների դրությամբ համայնքներում ներգրավված է արդեն 190 կամավոր, որոնցից 124-ը լիարժեք որակավորված փրկարարներ են։ Կամավորների պաշտպանվածությունն ապահովելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից 190 անձի տրամադրվել է կյանքի ապահովագրություն։ Դրական փոփոխություն է արձանագրվել նաև գենդերային կազմում. կանանց թիվը 3-ից հասել է 23-ի՝ կազմելով ընդհանուր թվի 12 տոկոսը։ Բացի այդ, խմբերում ներգրավվել է հաշմանդամություն ունեցող 2 կամավորներ, ինչը փաստում է համակարգի ներառականության մասին։

Կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվել է դասընթացավարների վերապատրաստման 3 փուլ, իսկ Ավստրիական Կարմիր խաչի փորձագետների մասնակցությամբ անցկացվել են գործնական սիմուլյացիոն վարժանքներ և առաջին օգնության դասընթացներ։ Տեխնիկական հագեցվածության ապահովման շրջանակներում  ՀՀ ՆԳՆ ՓԾ-ի կողմից հրշեջ-փրկարարական մեքենաներ են տրամադրվել 13 համայնքների, իսկ ծրագրի կողմից անհրաժեշտ մասնագիտական գույք ու հանդերձանք ստացել են բոլոր խմբերը: Ենթակառուցվածքների բարելավման նպատակով Նոյեմբերյան, Սպիտակ և Բաղրամյան համայնքներում իրականացվել են կայանների վերանորոգման աշխատանքներ, իսկ Վեդիում, Ապարանում ու Վայքում կառուցվում են նոր կայաններ:

Արտակարգ դեպքերի, հատկապես անտառային հրդեհների կտրուկ աճը, որը 2025 թվականի առաջին կիսամյակում գերազանցել է 2000-ը, հիմնավորում է տեղական մակարդակում արագ արձագանքման ուժերի հրատապ անհրաժեշտությունը։ Այս մոդելի երկարատև կայունությունն ու ինստիտուցիոնալացումն ապահովելու նպատակով ներկայումս կնքվում են քառակողմ համաձայնագրեր ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության, Հայկական Կարմիր խաչի ընկերության, համայնքապետարանների և մարզպետարանների միջև։ Բացի այդ, ՆԳՆ Փրկարար ծառայության հետ համատեղ մշակվում են օրենսդրական փոփոխություններ՝ Կամավորական հրշեջ-փրկարարական խմբերի մոդելը քաղաքացիական պաշտպանության ազգային համակարգում պաշտոնապես և վերջնականապես ներառելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում