Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում կատարել են իրենց առջև դրված խնդիրը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերը Ղազախստանում կատարել են իրենց առաջադրանքը, ուստի այժմ նրանք պետք է տուն վերադառնան, հաղորդում է ТАСС գործակալությունը։
«Ընդհանուր առմամբ, մենք պետք է տուն վերադառնանք, մենք կատարել ենք մեր խնդիրը», – հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ ղեկավարը՝ երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը։
Պուտինը շնորհակալություն է հայտնել գերատեսչության պետին, գլխավոր շտաբին, բոլոր նրանց, ովքեր ղեկավարել են այդ գործողությունը։ ՌԴ նախագահը համոզված է, որ խաղաղապահները կարևոր դեր են խաղացել ճգնաժամի կարգավորման գործում՝ նշելով, որ նման գնահատական է տվել հենց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ «հնարավոր է եղել պահպանության տակ առնել բոլոր կենսական նշանակության օբյեկտները, ենթակառուցվածքային օբյեկտները, հնարավորություն տալ զգալի թվով զինվորականների, իրավապահ ուժերի՝ երկրի ներսում հատուկ գործողություններ իրականացնելու համար»։ Պուտինի խոսքով՝ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործողությունը կազմակերպվել է արագ, սահուն և արդյունավետ, ընդ որում, ռուսական ավիացիան կարևոր դերակատարում է ունեցել այդ գործում։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի օգնությունը հնարավորություն է տվել կարգուկանոն հաստատել Ղազախստանում, որի շնորհիվ հանրապետությունը կարող է հանգիստ ռեժիմով հետագայում լուծել սոցիալ-տնտեսական և քաղաքական բնույթի հարցեր։
Պուտինը հավելել է, որ, ըստ էության, սա ՀԱՊԿ ուժերի առաջին նման գործողությունն էր։
«Համատեղ ջանքերով մենք կատարեցինք մի շատ կարևոր խնդիր, որը թույլ կտա Ղազախստանի Հանրապետության ղեկավարությանը սոցիալ-տնտեսական և քաղաքական բնույթի հարցերը լուծել ազատ, հանգիստ ռեժիմով, հասարակության հետ երկխոսությամբ։ Սա շատ կարևոր է», – ասել է Պուտինը։
Կարծիքներ