Խորհրդարանն ընդունեց երաշխավորության ինստիտուտը փոփոխող նախագիծը

Խորհրդարանն ընդունեց երաշխավորության ինստիտուտը փոփոխող նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում  փոփոխել երաշխավորության ինստիտուտը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 115 «կողմ», 4 «ձեռնպահ» ձայներ:

Նախագծով սահմանվում է, որ պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջեւ կրում է սուբսիդիար պատասխանատվություն: Այսինքն՝ երաշխավորի նկատմամբ պահանջը կարող է ներկայացվել միայն հիմնական պարտապանին պահանջ ներկայանելուց հետո և երկրորդ՝ նրա գույքի նկատմամբ բռնագանձում կարող է իրականացվել միայն հիմնական պարտապանի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելուց հետո:

Պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջեւ կրում է համապարտ պատասխանատվություն, եթե դա նախատեսված է երաշխավորության պայմանագրով եւ միաժամանակ առկա են մի քանի պայմաններ, օրինակ՝ երաշխավորն ու պարտապանը հանդիսանում են նույն ընտանիքի անդամներ: Նույն ընտանիքի անդամներ են համարվում ծնողը, զավակը, ամուսինը: Ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջեւ կրում է համապարտ պատասխանատվություն նաև, եթե երաշխավորը հանդիսանում է պարտապան իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամ կամ պարտապան իրավաբանական անձի մասնակից., երաշխավորը պարտատիրոջը գրավոր հայտնել է, որ ինքը հանդիսանում է պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրական շահառուն, նաև եթե երաշխավորն ու պարտապանն ունեն համատեղ գործունեության պայմանագիր եւ երաշխավորությամբ ստացվող միջոցներն ուղղված են այդ համատեղ գործունեությանը (համատեղ գործունեության պայմանագրի կատարմանը):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում