Հայաստանում գործում է արվեստի, գեղարվեստի և երաժշտական 246 հաստատություն. ոչ ֆորմալ կրթության համաժողով Երևանում

Հայաստանում գործում է արվեստի, գեղարվեստի և երաժշտական 246 հաստատություն. ոչ ֆորմալ կրթության համաժողով Երևանում

Երևանում այսօր կայացել է ոչ ֆորմալ կրթության միջազգային համաժողովը, որի ընթացքում Հայաստանից և Եվրոպայից հրավիրված մասնակիցներն ու փորձագետներն անդրադարձել են ոլորտի խնդիրներին և բարեփոխումներին:

«21-րդ դարի հմտություններ՝ ոչ ֆորմալ կրթության բարեփոխված մոտեցումների շնորհիվ» թեմայով համաժողովը կազմակերպել էին Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնի, և ‹‹Երեխաների և երիտասարդների ոչ ֆորմալ կրթության եվրոպական ասոցիացիան››:

Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով ոչ ֆորմալ կրթության դերն ու նշանակությունը: Նրա խոսքով՝ այս պահին ողջ հանրապետությունում գործում են արվեստի, գեղարվեստի և երաժշտական 246 հաստատություններ, ուր հաճախում են ավելի քան 50 հազար երեխաներ:

«Ընդհանուր առմամբ, պաշտոնական վիճակագրությամբ՝ արտադպրոցական կրթություն է ստանում շուրջ 100 հազար երեխա, սակայն այդ թիվը, վստահաբար, ավելի շատ է: Հետևաբար, առաջնահերթ է հասկանալ՝ ինչպես բարելավել ու բարձրացնել ոչ ֆորմալ կրթության արդյունավետությունը և սովորելու միջավայր դարձնել ողջ կրթական համակարգը: Մենք կարևորում ենք փոխկապակցված և միասնական այն մոտեցումը, որն օգնում է յուրաքանչյուր միջավայրում երեխայի ինքնադրսևորվելու, աշխարհը ճանաչելու, հետաքրքիրը ի հայտ բերելու հնարավորությունները բացահայտելուն»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ ֆորմալ և արտադպրոցական կրթությունը պետք է մեկ ընդհանուր հարթության մեջ դիտարկել, որն էլ իր հերթին կբերի միասնական արդյունքի. դա հնարավոր է մեկը մյուսին լրացնելու շնորհիվ: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ այս մոտեցմանն է ուղղված ԿԳՄՍՆ նախաձեռնած կրեդիտային համակարգի ներդրումը, որը, ըստ փոխնախարարի, թույլ կտա այդ համագործակցությունը սերտացնել:

«Արտադպրոցական հաստատությունները պետք է կարողանան դպրոցի հետ համատեղ ծրագրեր մշակել և հասկանալ, թե հանրակրթության պետական չափորոշիչն ինչ վերջնարդյունքներ է սահմանում: Առանցքային կարողունակությունների թվում էական նշանակություն ունի քաղաքացիական զարգացումը, իսկ արտադպրոցական կրթությունը լավ հնարավորություն է տարբեր ծրագրերի միջոցով նպաստելու լավ քաղաքացու կերտմանը: Այն կարևոր է նաև երեխայի գեղագիտակական ճաշակի, սեփական երկրի և ժողովրդի, ինչպես նաև համաշխարհային մշակույթի ճանաչման և այդ ամենը փոխկապակցելու տեսանկյունից: Մեր առաջնահերթ խնդիրն է, որ մեր երեխաները լինեն նախաձեռնող ու ստեղծարար, և այստեղ անփոխարինելի է արտադպրոցական կրթության դերը»,- նշել է նախարարի տեղակալը՝ վստահություն հայտնելով, որ համաժողովը դրական դեր կունենա այդ առումով, քանի որ «Երեխաների և երիտասարդների ոչ ֆորմալ կրթության եվրոպական ասոցիացիան» մեծ փորձառություն և արդյունավետ գործիքներ ունի ոչ ֆորմալ կրթության ոլորտում, որոնք կարող են կիրառվել նաև Հայաստանում:

Համաժողովի մասնակիցներին ողջունել են նաև Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

Համաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանում ոչ ֆորմալ կրթության տեսլականին, մարտահրավերներին և հնարավորություններին առնչվող հարցերը, այդ կրթության կայուն զարգացման պայմանների ստեղծման համակարգային լուծումները, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթության կազմակերպությունների՝ այդ ոլորտում բարեփոխումների իրականացմանը աջակցելու պատրաստակամությունը:

Անդրադարձ է եղել նաև 21-րդ դարի հմտությունների և սոցիալական ու հուզական կրթության՝ սովորողների համար ունեցած կարևորությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում