Սաակաշվիլիի վերականգնման համար կպահանջվի մի քանի ամիս. անձնական բժիշկ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի լրիվ վերականգնման համար կպահանջվի մի քանի ամիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն:
Սաակաշվիլին 50 օր տևած հացադուլը դադարեցրել է լույս նոյեմբերի 20-ի գիշերը բանտարկյալների կլինիկայից Գորիի զինվորական հոսպիտալ տեղափոխելուց անմիջապես հետո:
Ներկայում նա գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
«Եթե խոսենք միայն ռեֆիդինգի մասին, որպեսզի նա սկսի նորմալ սնվել, ապա դրա համար կպահանջվի մեկ կամ երկու ամիս, բայց մյուս օրգանների վերականգնման համար ժամանակ կպահանջվի: Իմ կարծիքով՝ նրան մի քանի ամիս կպահանջվի»,-ասել է Նիկոլոզ Կիպշիձեն: Նա նշել է, որ Սաակաշվիլին դեռ իրեն թույլ Է զգում, բայց բուժումն անցկացվում է ըստ պլանի:
«Նա թուլություն ունի, դրանում տարօրինակ ոչինչ չկա: Ճնշումը, մյուս լաբորատոր ցուցանիշները նորմայի սահմաններում են: Անշուշտ, դրանից մի քանիսը հարկավոր է ուղղել, և դա տևական գործընթաց է, որը հինգ-վեց օրում չի ավարտվի»,-ասել է Կիպշիձեն:
Բուժման գործընթացն ավարտվելուց հետո կալանավորին կվերադարձնեն Ռուսթավի բանտ, որտեղ Սաակաշվիլին կշարունակի պատիժը կրել երկու քրեական գործերով՝ վեց տարի ազատազրկման տեսքով:
Բացառված չէ, որ նախկին նախագահի բանտարկության ժամկետը կերկարացվի: Ներկայում դատարանում նրա դեմ հետաքննվում է երեք գործ, դրանցից մեկի առավելագույն ժամկետը կազմում է 9 տարի:
Կարծիքներ