Մենք ներկա ենք Սյունիքում և շարունակելու ենք աջակցել Հայաստանին՝ իրականացնելով տարբեր նախագծեր. ԵՄ դեսպան
Գերմանիայի համագործակցությունը շատ երկրների հետ ընդգրկում է կոնկրետ ոլորտներ, որոնցից առաջնայինը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունն է։ Գերմանիան ներգրավված է նաև հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում։ ԵՄ գրասենյակը գերմանական կողմի մասնակցությամբ Հայաստանում իրականացնում է մասնավոր ծրագրեր՝ համոզված լինելով, որ համատեղ աշխատանքը կարող է տալ սպասված արդյունք և կողմերին դարձնել ավելի ուժեղ։
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գյոթեի անվան հայ-գերմանական կենտրոնում կազմակերպված «Փոփոխություններ Գերմանիայի արտաքին և զարգացման քաղաքականության մեջ. ինչո՞վ են դրանք հետաքրքիր Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։
«Մենք ներկա ենք Սյունիքում և շարունակելու ենք աջակցել Հայաստանին՝ իրականացնելով տարբեր նախագծեր», - ասաց դեսպանը։
Նրա դիտարկմամբ՝ ԵՄ անդամ երկրները համատեղ ջանքերով են կառուցում համաեվրոպական քաղաքականությունը՝ ներդնելով իրենց կարողություններն ու ներուժը, հետևաբար Գերմանիայի արտաքին քաղաքականության մեջ առկա բազում տարրեր կարելի է տեսնել եվրոպական ընդհանուր քաղաքականության մեջ։ Գործընկեր երկրներին օժանդակելը բխում է ԵՄ գրասենյակին տրված մանդատից։ Եվրոպական նախաձեռնություններն ակտիվորեն իրականացվում են նաև Հայաստանում։ Դրանցից մեկն էլ, ԵՄ դեսպանի հիշատակմամբ, Սյունիքի մարզում իրականացվող մեծ ծրագիրն է, որի միջոցով ապահովվում են անհրաժեշտ ներդրումներ։
Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի պատգամավոր Մերլե Շպելլերբերգն իր հերթին նշեց, որ Գերմանիայի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխությունները շրջադարձային են և կապված են աշխարհաքաղաքական գործընթացների ու էներգակիրների պաշարների օգտագործման հետ։ Գերմանիայի արտաքին քաղաքականությունն այսօր կենտրոնացած է նաև գլոբալ կլիմայական փոփոխություններով պայմանավորված բնապահպանական խնդիրների վրա, որոնք առնչվում են մոլորակի բոլոր տարածաշրջաններին։ Այդուհանդերձ մեծածավալ զարգացումների ֆոնին՝ քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության և համապարփակ անվտանգության հետ կապված ավանդական հարցերը նախկինի պես գտնվում են Գերմանիայի կողմից վարվող քաղաքականության առանցքում։
Քննարկման մասնակից ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանն անդրադառնալով հայ-գերմանական հարաբերություններին՝ մասնավորապես ասաց, որ մենք միշտ ստերեոտիպային մոտեցում ենք ունեցել Գերմանիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ, սակայն նոր սերնդի գործիչներն առաջնորդվում են ժամանակակից չափանիշներով, նոր աշխարհայացքով, ինչը կարելի է կիրառել ներհայաստանյան պայմաններում, երբ խոսք է գնում արդեն մեր քաղաքականության ուղենիշների մասին։
«Վերջին շրջանում ականատես եղանք նոր շրջադարձերի, որոնց ազդակները տրվեցին բարձրաստիճան պաշտոնյաների այցերով։ Հիշատակման արժանի են ՀՀ վարչապետի, նախագահի և արտգործնախարարի այցերը, որոնք արտացոլեցին հայ-գերմանական հարաբերությունների խորքային բնույթը և ևս մեկ անգամ առիթ դարձան՝ ավելի ընդլայնելու երկկողմ հարաբերությունները»,- ասաց Մարգարյանը։
Ըստ նրա՝ հայկական կողմը մեծապես գնահատում է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի անհատական ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը։ Այդ համատեքստում բավականին արդյունավետ ստացվեց կանցլերի, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Էլհամ Ալիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը Մոլդովայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։
ՀՀ ԱԳՆ ներկայացուցչի համոզմամբ՝ Գերմանիան ոչ միայն ԵՄ առանցքային երկրներից է, այլև մեծ կշիռ ունի ամբողջ աշխարհում, հետևաբար կարող է իր հեղինակությունն ու ներուժն օգտագործելով՝ մեզ ավելի մոտեցնել համապարփակ խաղաղության ու կայունության։ 2018 թվականից ի վեր Հայաստանն իրականացնում է արմատական բարեփոխումներ և այդ գործում զգում է Գերմանիայի անվերապահ աջակցությունն ու Հայաստանին հետայսու նույնպես օգնելու պատրաստակամությունը, ինչն անկասկած կնպաստի հայ ժողովրդի հետագա բարգավաճմանը։
«Հայաստանը ԳԴՀ-ի հետ զարգացնում է ոչ միայն երկկողմ հարաբերություններ, այլև դիտարկում է նրան որպես կարևոր գործընկեր՝ ԵՄ-ում Հայաստանի ինտեգրումը խթանելու և կենսական որոշումներ կայացնելու գործում էական դերակատարություն ունենալու առումով։ Հայաստանն ու Գերմանիան կարող են առկա աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում համատեղ գործողություններով դիմակայել հարաճուն մարտահրավերներին»,- եզրափակեց Մարգարյանը։
Կարծիքներ