Ղրղզստանի ընդդիմությունը պահանջում է իմպիչմենթի ենթարկել նախագահին և ցրել երկրի խորհրդարանը
Ղրղզստանի նախագահ Սուրոնբայ Ժեենբեկովը գտնվում է Բիշքեկում եւ բանակցություններ է վարում բոլոր քաղաքական ուժերի հետ` երկրում իրավիճակն իրավական հուն վերադարձնելու համար, հինգշաբթի «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա մամուլի քարտուղար Տոլգոնայ Ստամալիեւան:
«Նախագահը Բիշքեկում է: Նա անձամբ բանակցում է քաղաքական ուժերի հետ: Բոլոր ուժերն ուղղված են ամեն ինչ իրավական հուն վերադարձնելուն»,- ասել է Ստամալիեւան:
Երկուշաբթի Ղրղզստանում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել` հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած երկրի խորհրդարանի ընտրությունների արդյունքների հետ անհամաձայն ցուցարարների մասնակցությամբ: Ուժայինների հետ դաժան բախումներից հետո ցուցարարները գրավել են երկրի խորհրդարանի շենքը, որտեղ տեղակայված է նախագահի աշխատակազմը:
Ղրղզստանի վարչապետ Կուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել: Նախագահ Սուրոնբայ Ժեենբեկովը, իր մամուլի քարտուղարի խոսքով, գտնվում է Բիշքեկում եւ «վերահսկում է իրավիճակը»: Նա բազմիցս երկխոսության կոչ է արել ընդդիմությանը, սակայն, որքան հայտնի է, մինչ այժմ պաշտոնական բանակցություններ չեն անցկացվել:
Ընդդիմության կուսակցությունների ղեկավարները երկրի կառավարման համակարգող խորհուրդ են ստեղծել եւ վարչապետի պաշտոնում առաջադրել են ընդդիմության առաջնորդ Սադիր Ժապարովին: Հոկտեմբերի 6-ի երեկոյան խորհրդարանն արտակարգ նիստին հաստատեց նրա թեկնածությունը: Սակայն ընդդիմության որոշ ներկայացուցիչներ չհամաձայնեցին այս նշանակման հետ: Նրանք իրենց համակարգող խորհուրդն են ստեղծել եւ մտադիր են ընտրել իրենց վարչապետին: Նրանք նաեւ պահանջել են իմպիչմենթի ենթարկել նախագահ Ժեենբեկովին եւ ցրել երկրի խորհրդարանը:
Կարծիքներ