Ե՞րբ պետք է ծխելը թողնել, որ նվազի սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահվան հավանականությունը
Ընդհանրապես սիրտ-անոթային հիվանդությունների եւ մասնավորապես կաթվածների հետեւանքով մահվան հավանականությունը ծխողների շրջանում 3 անգամ ավելի մեծ է, քան չծխողների շրջանում։ Բայց ե՞րբ է անհրաժեշտ հրաժարվել ծխելուց, որ այդ հավանականությունը նվազի։ Այս հարցի պատասխանը որոշել են գտնել բրիտանացի գիտնականները, իսկ նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the American Heart Association-ում։
Հետազոտողները հաշվարկել են, որ սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով վաղաժամ մահվան (մինչեւ 75 տարեկանը) ընդհանուր հավանականությունը ծխողների շրջանում իսկապես 3 անգամ մեծ է եղել, քան չծխողների շրջանում։ Այն ավելի մեծ է եղել նրանց շրջանում, ովքեր սկսել են ծխել 15 տարեկանից փոքր հասակից, եւ ամենաբարձրն է եղել նրանց շրջանում, ովքեր սկսել են ծխել մինչեւ 10 տարեկանը։
Պարզվել է, որ ցանկացած տարիքում ծխելուց հրաժարվելը նվազեցնում է դրա հետ կապված մահվան հավանականությունը։ Բայց մարդը որքան շուտ է հրաժարվում ծխելուց, արդյունքն այնքան մեծ է․
Նրանց շրջանում, ովքեր ծխելուց հրաժարվել են 15-34 տարեկանում, սրտի հիվանդություններից կամ կաթվածից վաղաժամ մահվան հավանականությունը եղել է գրեթե այնքան, որքան չծխողների շրջանում։
35-44 տարեկանում ծխելուց հրաժարվելուց հետո հավանականությունը 20 տոկոսով ավելի մեծ է, քան չծխողների շրջանում։
Նրանց շրջանում, ովքեր ծխելուց հրաժարվել են 45-54 տարեկանում՝ 60 տոկոսով ավելի մեծ է։
55-64 տարեկանում ծխելուց հրաժարվածների շրջանում ավելի մեծ է 70 տոկոսով։
«Տարիքը, երբ մարդը սկսում է ծխել, կարեւոր եւ հաճախ անտեսվող գործոն է։ Նրանց շրջանում, ովքեր սկսել են ծխել երիտասարդ տարիքում, սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով վաղաժամ մահվան հավանականությունն առանձնապես մեծ է։ Սակայն ծխելուց հրաժարվելը նման հավանականությունը զգալիորեն նվազեցնում է, հատկապես նրանց շրջանում, ովքեր վաղ են հրաժարվում։ Ծխելուց հրաժարվելու համար պայքարը ամբողջ աշխարհում շարունակում է մնալ առողջապահության ամենակարեւոր առաջնահերթությունը»,- ասել է հետազոտության համահեղինակ, Օքսֆորդի համալսարանից Բլեք Թոմփսոնը։
Կարծիքներ