Փաստաթուղթը կարող է ստորագրվել միայն հայկական կողմի պայմանի իրագործման դեպքում. Ռուբինյան
Սահմանազատման աշխատանքների վերաբերյալ նոր փաստաթուղթը կարող է ստորագրվել միայն հայկական կողմի պայմանի իրագործման դեպքում, այսինքն, եթե ադրբեջանական զորամիավորումները դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքներից:
Ռուբինյանն այս մասին վստահեցրեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
Նա նախ հիշեցրեց, որ ադրբեջանական զորամիավորումների՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս մտնելուց հետո Հայաստանը գործարկել է բոլոր մեխանիզմները՝ այդ թվում ՀԱՊԿ շրջանակում, հայ-ռուսական երկկողմ պայմանագրի շրջանակում, նաև միջազգային տարատեսակ հարթակներում ճնշումը մեծացնելով:
«Այդ ընթացքում նաև առաջարկ է ստացվել ՌԴ-ից՝ ստեղծել եռակողմ հանձնաժողով՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ: Ոչ թե անել դելիմիտացիա և դեմարկացիա հիմա, վաղը կամ մեկ ամսից, այլ ստեղծել նման հանձնաժողով»,-ասաց պատգամավորն ու հիշեցրեց, որ, օրինակ, Հայաստանի և Վրաստանի միջև կա այդպիսի երկկողմ հանձնաժողով:
Հայաստանը, ի պատասխան այդ առաջարկի, իր հստակ դիրքորոշումն է հայտնել առ այն, որ դա կարող է տեղի ունենալ միայն ադրբեջանական զորամիավորումների՝ ՀՀ ինքնիշխան տարածքներից գալու և ելման դիրքեր վերադառնալու դեպքում:
«Եթե այդ փաստաթուղթը ստորագրվի և նման հանձնաժողով ստեղծվի (կրկնում եմ, որ դա կարող է տեղի ունենալ միայն հայկական կողմի պայմանի իրագործման դեպքում), խոսքը լինելու է ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին և ոչ՝ Ադրբեջանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին»,-ասաց Ռուբինյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ այդ թվում Ղարաբաղը՝ Ռուբինյանն ասաց, որ այդպես չի կարող լինել: «Արցախյան հակամարտությունը լուծված չէ: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը խաղաղության պայմանագիր չի եղել, դրա մեջ որևէ հղում չի եղել Արցախի այս կամ այն կարգավիճակին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրները ֆիքսել են իրենց դիրքորոշումն առ այն, որ Արցախի կարգավիճակի որոշման հարցը մնում է բաց, և հետևաբար իր հայտարարածը չի կարող տեղի ունենալ»,-նշեց նա:
Պատգամավորը կրկնեց՝ պետք է տեղի ունենա հետևյալը՝ ադրբեջանական զորամիավորումները պետք է լքեն ՀՀ ինքնիշան և միջազգայնորեն ճանաչված սահմանները: Միջազգային գործընկերների դիրքորոշումը ևս նույնական է այդ դիրքորոշմանը:
Մայիսի 20-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նոր փաստաթղթի ստորագրման մասին խոսակցություններին, նշել էր, որ այն լուծումները, որոնք այս պահին միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, նախնական համաձայնությունները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99,9 տոկոսով, այլ 100 տոկոսով։ «Եվ, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին։ Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան և այլն»,- հավելել էր նա: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտնեց, որ ընդդիմության կողմից հրապարակված փաստաթուղթն իրական է:
Կարծիքներ