Վերջին չորս տարվա ընթացքում իրականացվել է 1190 սուբվենցիոն ծրագիր. փոխվարչապետ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ հունվարի 10-ին տեղի ունեցած Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարվել է, որ 2018-2021 թվականներին իրականացվել է շուրջ 1190 սուբվենցիոն ծրագիր։
Ըստ փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության, Համբարձում Մաթևոսյանը կարևորել է Կառավարության կողմից համայնքների զարգացմանը նպաստող այս գործիքի կիրառումն ու ընդգծել, որ այն իրական ու շոշափելի արդյունքներ է գրանցում։
«Մասնավորապես, 2021 թվականին ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրերն ուղղված են եղել բնակավայրերի փողոցների կառուցմանը, խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նորոգմանը, փողոցային լուսավորության կառուցմանը, բնակավայրերի գազաֆիկացմանն ու մանկապարտեզների կառուցմանը։ Վերջինի առումով, կարևորելով Կառավարության որդեգրած քաղաքականությունը, առաջարկվել է բարձրացնել մանկապարտեզների կառուցման ու նորոգման աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման չափաբաժինը՝ մինչև 80 տոկոս»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2021 թվականին Հանձնաժողովի կողմից հավանության արժանացած, սակայն չիրականացված մի շարք ծրագրերը 2022 թվականին իրականացնելու հարցին, ինչպես նաև առաջարկվել է սահմանամերձ բնակավայրերում պետական բյուջեի համաֆինանսավորման չափերն առանձին սահմանել և, ըստ այդմ՝ հստակեցնել ոլորտային առաջնահերթություններն ու բյուջեից համաֆինանսավորման չափերը։
Փոխվարչապետը հանձնարարել է յուրաքանչյուր ծրագրի ավարտից հետո իրականացնել մշտադիտարկում՝ ի հայտ եկած խնդիրները բացահայտելու ու դրանց լուծում տալու նպատակով։
Կարծիքներ