Գագիկ Ծառուկյանի գործով բողոքի քննությունը հետաձգվեց. նյութերի մի մասը փոստից դատարան չէին հասել
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունն այսօր հետաձգվեց:
Լրագրողների հետ զրույցում պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ վերաքննիչ բողոքների մի մասը փոստի միջոցով է փոխանցվել եւ դատարան դեռ չէր հասել, քանի որ նիստը կարճ ժամկետում էր նշանակվել. «Ուստի հնարավոր չէր այս պահին նիստը շարունակել, որեւէ քննություն, ըստ էության, տեղի չունեցավ»:
Պաշտպաններից Սամվել Դիլբանդյանն էլ ասաց, որ մեղադրանքի կողմը եւս իրենց բողոքներին ծանոթ չէր, դրանք չէր ստացել. «Մենք ճշտեցինք, որ փոստից արդեն դուրս է եկել, բայց նրանց դեռ չի հասել, բնականաբար, ժամանակ է պետք ծանոթանալու համար»:
Պաշտպանները հերթական անգամ պնդեցին, որ առկա չէ հիմնավոր կասկածը, որ Գագիկ Ծառուկյանը կատարել է իրեն մեղսագրվող արարքները, ըստ նրանց՝ դրա վերաբերյալ բավարար փաստեր չկան: Լրագրողի դիտարկմանը, որ դատարանն է, գործի նյութերից ելնելով, արձանագրել դրա առկայությունը, պաշտպան Սամվել Դիլբանդյանը ասաց. «Դա դատարանի գնահատականն է, դրա համար կա վերադաս ատյան, որը իր գնահատականը կտա»:
Երեմ Սարգսյանի խոսքով՝ դատարանի որոշման մեջ ուղիղ արձանագրված է, որ չկա որեւէ փաստական տվյալ, որը կվկայի, որ Ծառուկյանը որեւէ մեկին կաշառք է տվել, եւ եթե անձամբ անելու տվյալ չկա, ապա պետք է որեւէ մեկին հանձնարարի, տեղյակ լինի, բայց փաստական տվյալներով նույնիսկ այդ հանգամանքը չի հաստատվում. Մենք պնդւոմ էինք, որ մինչ կալանավորման միջնորդությունը առերեսում կատարվի այն անձի հետ, որի ցուցմունքը հիմք էր հանդիսացել հիմնավոր կասկածի համար, չկատարվեց, դրանից հետո կատարվեց, եւ եւս մեկ անգամ հաստատվեց որ Ծառուկյանը որեւէ մեկին չի ասել, որ կաշառք տան, չի իմացել դրա մասին, ընդամենը այդ անձին ասել է, որ ընտրությունների համար անհրաժեշտ ծախսերի համար դիմի գրասենյակ, նա էլ դիմել է, եւ մնացած պրոցեսները չեն կարող կապել Ծառուկյանի հետ, ասում են՝ Վարդենիսում ինչ-որ անձինք կաշառք են ստացել, մինչ այս էլ են ընտրակաշառքի դեպքեր եղել, ո՞ր կուսակցության ղեկավարին են դրա համար մեղադրանք առաջադրել»,- ասաց նա:
Հարցին՝ 10.000-ական դրամները մտնո՞ւմ են բնականոն ծախսերի մեջ, Երեմ Սարգսյանը պատասխանեց. «Ծառուկյանը որեւէ մեկին նման հանձնարարություն չի տվել, առաջարկ չի արել, կաշառքի մասին խոսակցություն չի եղել»: Դիտարկմանը, որ ԱԱԾ-ն էր նման փաստաթղթեր հրապարակել, պաշտպանն ասաց. Դրանցում կա՞ որեւէ փաստական տվյալ, որ Ծառուկյանը գիտի, հանձնարարել է որեւէ մեկին կաշառք տալ»: Հարցին՝ եթե գլխավորում է դաշինքը, այդ դեպքում առանց առաջնորդի իմացությա՞ն է դա տեղի ունեցել, Երեմ Սարգսյանը պատասխանեց. «Դրա համար պետք է լինի հակառակը հաստատող տվյալ, ձեր նույն ղեկավարությամբ վարույթն իրականացնող մարմինն է առաջնորդվում՝ ասելով՝ ինչպե՞ս կարող է նման դեպք լինի, եւ առաջնորդը չիմանա, շատ կներեք, եթե դուք դատարանում չեք կարողանում հակառակը ապացուցել, ուրեմն՝ հակառակն է, այսինքն՝ չկա անձի մասնակցություն, առնչություն, քանի դեռ չեք հիմնավորել, իսկ այդ ենթադրությունները անմեղության կանխավարկածի խախտում են»:
Երեմ Սարգսյանը նաեւ հայտնեց, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ Աբրահամ Մանուկյանի Ծառուկյանի հետ կապված ոչինչ չի ասել, եւ չի էլ կարող ասել:
Բողոքի քննությունը նշանակվեց հուլիսի 7-ին՝ ժամը 11:00-ին:
Կարծիքներ