Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների գովազդն արգելված է. ԱՆ

Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների գովազդն արգելված է. ԱՆ

Վերջին շրջանում առողջապահության նախարարությունը քաղաքացիների կողմից շատ ահազանգեր է ստանում՝ ուսանողների շրջանում ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքի գովազդի իրականացման կապակցությամբ:

 

2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքով արգելված են ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների, պատկանելիքների և նմանակների գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերը:

 

Չնայած նշված արգելքներին՝ արտադրողը կամ վաճառք իրականացնողը ճանապարհ են գտնում արտադրանքի իրացումը խթանելու համար: Դա տեղի է ունենում տարբեր հրատարակչություններում նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերի (ՆՄԷՀ) / էլեկտրոնային սիգարետների «օգուտների» մասին հոդվածներ հրապարակելով, այդ արտադրատեսակները տարբեր ուսումնական հաստատություններում ուսանողների շրջանում գովազդելով, տեղադրելով գովազդը էլեկտրոնային կայքերում, տարբեր սոցիալական հարթակներում և այլն՝ ակնհայտորեն խախտելով օրենքը:

 

Նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգը

 

Համաձայն օրենքի՝ դրանք ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ են, և դրանց վրա տարածվում են բոլոր սահմանափակումները, այդ թվում նաև արգելված են դրանց գովազդի բոլոր ձևերը:

 

Այս արտադրատեսակի օգտագործման ձևաչափը հաճախ ընտրում են դեռահասներն ու երիտասարդները` հիմնականում դիզայնի, կոմպակտ չափի և ձևի շնորհիվ, ինչը հեշտացնում է գաջեթը թաքցնելը:

 

Էլեկտրոնային ծխախոտի մեջ գտնվող նիկոտինը պարունակում է բենզոաթթվի աղ, որը մեծացնում է դրա մատակարարման արագությունը:

 

Նիկոտինը կախվածություն առաջացնող ծխախոտային արտադրատեսակների հիմնական բաղադրիչ է: Նիկոտինի ազդեցությունը բերում է նաև սիրտ-անոթային համակարգի ախտահարման, վնասում է բջիջների պատերը և առաջացնում է իոնային դիսբալանս:

Էլեկտրոնային ծխախոտի համերի ամբողջ բազմազանությունը պայմանավորված է քիմիական բուրավետիչներով` նյութերով, որոնք անվտանգ են և լայնորեն կիրառվում են սննդի արդյունաբերության մեջ, սակայն կարող են շատ վտանգավոր լինել ներշնչելու դեպքում` առաջացնելով թոքերի վտանգավոր հիվանդություն:

 

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ 2017 թվականի դրությամբ արդեն իսկ 30 երկրներում արգելված է եղել այս արտադրատեսակի շրջանառությունը:

 

Տաքացվող ծխախոտ

 

Համաձայն օրենքի` տաքացվող ծխախոտը ծխախոտային արտադրատեսակ է և համապատասխանաբար դրա վրա տարածվում են օրենքով նախատեսված բոլոր սահմանափակումները, այդ թվում գովազդի բոլոր ձևերի արգելքը:

Տաքացվող ծխախոտով արտադրատեսակները (ՏԾԱ) ծխախոտային արտադրատեսակներ են, որոնք տաքացման ժամանակ արտանետում են նիկոտին և մի շարք այլ քիմիական նյութեր պարունակող աերոզոլ, որը սպառողը ներշնչում է:

Այս արտադրատեսակը էլեկտրոնային ծխախոտ չէ:

 

ՏԾԱ-ն պարունակում է նիկոտին, որը առաջացնում է կայուն կախվածություն և ոչ ծխախոտային հավելումներ, այդ թվում՝ բուրավետիչներ:

 

Նիկոտինի և բուրավետիչների վնասի մասին արդեն նշել ենք վերևում: Բացի դրանից՝ հայտնի է, որ ՏԾԱ տաքացման ժամանակ արտանետվում են նաև տոքսիկ նյութեր (ածխածնի մոնոօքսիդ, բենզ(ա)պիրեն, բենզոլ, 1,3-բուտադիեն, ֆորմալդեհիդ, ացետալդեհիդ, ակրոլեին, NNN և NNK-նիտրոզամիններ): Այս նյութերն ունեն կանցեռոգեն ազդեցություն, ախտահարում են սրտանոթային և շնչառական համակարգերը:

 

Ներկայումս ՏԾԱ շրջանառությունն արգելված է 11 երկրում, իսկ նոյեմբերից արգելվելու է նաև IQOS արտադրանքի վաճառքը ԱՄՆ-ում:

 

ՆՄԷՀ-ները և ՏԾԱ-ն շուկայում հայտնվել են համեմատաբար վերջերս և դրանց օգտագործման պոտենցիալ ազդեցությունը դեռևս հետազոտված չէ: Ինչպես նաև հետազոտված չէ դրանց՝ ավանդական ծխախոտային արտադրատեսակների կամ միմյանց հետ միաժամանակ օգտագործման ազդեցությունը:

 

Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ օրենքի համաձայն` արգելված են ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), ծխախոտային արտադրատեսակների նմանակների գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերը:

 

Նիկոտինային կախվածությունից ազատվելու, անվճար խորհրդատվություն ստանալու համար դիմե՛ք «Ծխելը դադարեցնելու թեժ գիծ»՝ 060 440001 հեռախոսահամարով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում