AstraZeneca-ն կմշակի նոր սերնդի հակակորոնավիրուսային պատվաստանյութ, որը կօգնի պայքարել հիվանդության նոր շտամների դեմ
AstraZeneca դեղագործական ընկերությունը և Օքսֆորդի համալսարանը ցանկանում են մինչև աշուն մշակել նոր սերնդի հակակորոնավիրուսային պատվաստանյութ, որը կարող է օգնել պայքարել վարակի նոր շտամների դեմ, հաղորդում է Reuters-ը:
«Մենք իսկապես ցանկանում ենք ինչ-որ բան անել մինչև աշուն, այսինքն`այս տարի»,- ճեպազրույցում ասել է ընկերության Միացյալ Թագավորության մասնաճյուղի գործադիր տնօրեն Մենե Պանգալոսը:
Ըստ նրա՝ այս ժամանակացույցում ներառվել են լաբորատոր աշխատանքի և կլինիկական ուսումնասիրությունների ժամկետները, որոնք անհրաժեշտ են նոր դեղամիջոցներ փորձարկելու համար:
«Երբ մենք ունենանք հաջորդ տարբերակը, բոլորն այդ մասին տեղյակ կլինեն»,- շեշտել է Պանգալոսը:
Իր հերթին, Օքսֆորդի պատվաստանյութերի խմբի տնօրեն Էնդրյու Փոլարդն այն կարծիքին է, որ նոր սերնդի պատվաստանյութը արդյունավետ կգործի COVID-19 «բրիտանական» տարբերակի դեմ, որն արդեն տարածում է գտել ամբողջ աշխարհում:
Ավելի վաղ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանություն էր արժանացրել կազմակերպության կողմից արտադրված AstraZeneca պատվաստանյութի օգտագործմանը: Դեղամիջոցը խորհուրդ է տրվում ընդունել երկու դեղաչափով`4-ից 12 շաբաթ ընդմիջումով: Միևնույն ժամանակ, փորձագետները տարեցների համար այս պատվաստանյութի առնչությամբ որևէ սահմանափակումներ չեն սահմանել:
Հիշեցնենք՝ ներկայում ԵՄ շուկայում թույլատրվում են Pfizer/BioNTech (գնվել է շուրջ 600 միլիոն դեղաչափ), Moderna (գնվել է 160 միլիոն դեղաչափ) և AstraZeneca (գնվել է մոտ 400 միլիոն դեղաչափ) ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը: Բացի այդ, Եվրոպական հանձանաժողովը ԵՄ-ին պատվաստանյութեր մատակարարելու առնչությամբ պայմանագրեր է կնքել Johnson & Johnson, Sanofi-GSK, CureVac ընկերությունների հետ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա և ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Այն լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար:
Կարծիքներ