Պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերը և Սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրում են հայ կոմպոզիտորների գործերը

Պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերը և Սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրում են հայ կոմպոզիտորների գործերը

 Երևանում է «Գրեմմի»-ի 10 մրցանակի արժանացած երաժշտական պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերը։

Նա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ձայնագրում է Էդուարդ Հայրապետյանի «Կախարդական կոճակներ» բալետը, Ջոն Տեր-Թադևոսյանի Լիրիկական պոեմը և Տիգրան Մանսուրյանի Պարտիտը։

2019 թվականին Ալդերը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ձայնագրել էր նաև Ավետ Տերտերյանի 5-րդ և 7-րդ, ինչպես նաև Ջոն Տեր-Թադևոսյանի 2-րդ սիմֆոնիաները։

Քրիստոֆեր Ալդերը համագործակցում է աշխարհահռչակ արտիստների և կոլետիվների հետ՝ Պլասիդո Դոմինգո, Աննա Նետրեբկո, Լոնդոնի սիմֆոնիկ, Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբեր և այլն։

Քրիստոֆեր Ալդերը, խոսելով հայկական երաժշտության, մասնավորապես, իր կողմից ձայնագրված ստեղծագործությունների մասին, նշում է՝ Տերտերյանի սիմֆոնիաները, որ գրվել են 1960-70-ական թվականներին և մինիմալիստական տարրերով, խիստ մոդեռն էին, նորարար այն ժամանակների համար։ Այդ ստեղծագործություններն ազդեցիկ են, մեծ ներգործություն են ունենում մարդու վրա։

Անդրադառնալով Էդուարդ Հայրապետյանի արվեստին՝ Ալդերը նկատում է, որ այն շատ ներդաշնակ է ու զգացմունքային։ Ըստ նրա՝ հայկական երաժշտությունը խորն է, զգացմունքային, մրցունակ, և այն մեծ հաջողությամբ կարող է հնչել համաշխարհային բեմերում: «Հայկական երաժշտությունը հաճելի և հասկանալի է արևմտյան երաժշտական ավանդույթներ ունեցողների համար։ Ինձ համար նույնպես հայկական երաժշտությունը սիրելի ու ընդունելի է»,-նշում է նա:

Քրիստոֆեր Ալդերը, անդրադառնալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, ընդգծում է երաժիշտների տեխնիկական վարպետությունը, հատկապես շեշտում է լարային նվագարանների կատարողական մեծ վարպետությունը։ «Զգացվում է երաժիշտների մեծ սերը Սերգեյ Սմբատյանի նկատմամբ։ Կա մեծ վստահություն ղեկավարի և երաժիշտների միջև, և այդ ներդաշնակ համագործակցությունը շատ կարևոր է»,-ասում է երաժշտական պրոդյուսերը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում