Արեգակի մակերեսին գրանցվել է բարձրագույն դասի բռնկում

Արեգակի մակերեսին գրանցվել է բարձրագույն դասի բռնկում

Հունվարի 4-ին Արեգակի վրա գրանցվել է վեց հզոր բռնկում, որոնցից մեկը եղել է բարձրագույն՝ X դասի։ Այս մասին ТАСС-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։

Երևանի ժամանակով 02:41-ին, արևային բծերի 3947 (N11E59) խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 24 րոպե տևողությամբ X1.1 դասի բռնկում։

Սա երկրորդ ամենահզոր բռնկումն է, որը Արեգակի վրա տեղի է ունեցել հունվարի սկզբից։ Առաջինը՝ X1.2 դասի, գրանցվել էր հունվարի 3-ին ժամը 15։39-ին։ Այսօր առավոտյան տեղի է ունեցել M դասի ևս հինգ բռնկում՝ M7.6, M1.5, M5.8, M1.9, M2.3։

Արեգակնային բռնկումները, կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից, լինում են հինգ դասի՝ A, B, C, M և X: Նվազագույն դասը (A0.0) համապատասխանում է Երկրի ուղեծրում 1 քառակուսի մետրին 10 նանովատ ճառագայթման հզորությանը: Յուրաքանչյուր հաջորդ դասին անցնելիս հզորությունը մեծանում է 10 անգամ։ Բռնկումները սովորաբար ուղեկցվում են արեգակնային պլազմայի արտանետումներով, որոնց ամպերը, հասնելով Երկիր, կարող են հրահրել մագնիսական փոթորիկներ։ Դրանք, իրենց հերթին, հանգեցնում են էներգետիկ համակարգերի աշխատանքի խափանումների և ազդում թռչունների ու կենդանիների միգրացիայի ուղիների վրա:

Ուժեղ փոթորիկներն առաջացնում են կարճալիք կապի և նավիգացիոն համակարգերի աշխատանքի խափանումներ, ինչպես նաև արդյունաբերական ցանցերում էլեկտրականության լարման տատանումներ: Բացի այդ, Արեգակի ուժեղ ակտիվությունը կարող է ընդլայնել Բևեռափայլի դիտարկումների աշխարհագրությունը:

Մարդկանց առողջության վրա մագնիսական փոթորիկների ազդեցության վերաբերյալ միանշանակ եզրակացություններ դեռևս չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում