Ժաննա Անդրեասյանը ՀՊՏՀ ուսանողներին է ներկայացրել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Ժաննա Անդրեասյանը ՀՊՏՀ ուսանողներին է ներկայացրել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Ուսանողների միջազգային օրվան՝ նոյեմբերի 17-ին ընդառաջ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ և ներկայացրել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները:

Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է ներկաներին և Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ կարևորել հենց ուսանողների հետ հանդիպման հնարավորությունների ընդլայնումը. «‎Մենք պետք է ավելի շատ ու անկեղծ խոսենք միասին նախևառաջ այն խնդիրների մասին, որոնք տեսնում ենք: Առաջընթացի հնարավորությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ մենք բաց ենք խնդիրների ու երկխոսության առաջ»‎:

Ժաննա Անդրեասյանը նշել է՝ համակարգում բազմաթիվ են մարտահրավերները, որոնց մասին Տնտեսագիտական համալսարանը ևս սկսել է խոսել՝ իր հետազոտական ծրագրերով և ուսումնասիրություններով՝ վեր հանելով տարբեր խնդիրներ:

«Այն աշխատանքը, որ տարվում է այս համալսարանում, մեզ համար ևս շատ կարևոր է: Առաջին հերթին խոսքը, իհարկե, տնտեսագիտական վերլուծությունների մասին է: Կրթությունը հանրային բարիք է, և կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք ցույց են տալիս՝ եթե տվյալ համայնքում կամ բնակավայրերում բարձրագույն կրթություն ունեցողների մասնաբաժինը 3%-ից ցածր է, հանցավորության, սոցիալական տարաբնույթ խնդիրների շատ մեծ աճ է գրանցվում: Սա ցույց է տալիս, որ բարձրագույն կրթության առկայությունը հանրային գրագիտության ու վարքականոնի ձևավորման մի խողովակ է, որն արդեն իսկ արժեքավոր է: Բացի այդ՝ մասնագիտական կրթության համակարգը ևս մեկ կարևոր գործառույթ ունի՝ ապահովել հանրային զարգացումն այն կադրերի միջոցով, որոնք ձևավորվում են կրթության արդյունքում, և որոնց կարիքն ունի հասարակությունը: Տնտեսագիտական վերլուծությունն այս առումով շատ կարևոր տեղ պետք է զբաղեցնի մեր աշխատանքներում, իսկ մենք այդ վերլուծությունները պետք է շատ ավելի արդյունավետ օգտագործենք քաղաքականությունների մշակման և դրանց հետագա իրականացման ընթացքում»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել բուհերում հետազոտական ներուժի արդյունավետ օգտագործման կարևորությունը:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ անհրաժեշտ է լավագույնս հասկանալ, թե որքանով ենք կարողանում արդյունավետ արձագանքել փոփոխվող աշխարհի մարտահրավերներին: Մատնանշելով բարձրագույն կրթության ոլորտում ձևավորված դրական ավանդույթները՝ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև համակարգի խնդիրներին: Այս համատեքստում նախարարը նշել է՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմանված են շատ կոնկրետ թիրախներ բարձրագույն կրթության ոլորտում:

«Ունենք շատ մեծ անելիքներ արդյունավետության և որակի ապահովման տեսանկյունից, և նաև այդ խնդիրների կարգավորմանն է ուղղված «Բարձրագույն կրթության և գիտության» մասին նոր օրենքի շրջանառվող նախագիծը։ Բուհերի կողմից ստացել ենք շատ արժեքավոր դիտարկումներ և քննարկումները շարունակում ենք: Կարևոր է, որ ուսանողները ևս ծանոթանան օրենքի նախագծին և արձագանքեն հատկապես այն դրույթներին, որոնք վերաբերում են հենց ուսանողներին: Առաջիկայում նաև Ազգային ժողովում ենք նախատեսում հանրային լսումներ կազմակերպել օրենքի նախագծի շուրջ, որպեսզի հնարավորինս մասնակցային և արդյունավետ գործընթաց ունենանք: Օրենքը մի հստակ խնդիր է դնում՝ բարձրագույն կրթությունը չի կարող լինել առանց հետազոտության: Հետազոտությունը դասավանդման գործընթացի անբաժանելի մասը պետք է լինի: Սա շատ կարևոր է նաև հենց բուհի համար, քանի որ ժամանակակից վարկանիշավորման համակարգերում բուհերի միջազգային մրցունակության տեսանկյունից կարևոր է հատկապես հետազոտական բաղադրիչը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում