Մասնագետները ոլորտային խնդիրներ են քննարկել «Երևան-Շիրակ ուռուցքաբանական ֆորումում»

Մասնագետները ոլորտային խնդիրներ են քննարկել «Երևան-Շիրակ ուռուցքաբանական ֆորումում»

 Գյումրու  Տեխնոլոգիական կենտրոնում հուլիսի 3-ին տեղի ունեցավ «Երևան-Շիրակ ուռուցքաբանական ֆորումը»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը  ՀՀ առողջապահության նածարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը` կարևորելով բժշկական ծառայությունների շարունակական զարգացումը, ՀՀ մարզերում նախաձեռնել է գիտագործնական միջոցառումների և գիտաժողովների շարք` «Ուռուցքաբանական ֆորում»:

Միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը, ուռուցքաբաններ, վիրաբույժներ, ռադիոլոգներ, առողջության առաջնային պահպանման  օղակի բժիշկներ, առողջապահության կառավարման և կազմակերպման մասնագետներ:

Ֆորումի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ՈՒԱԿ) տնօրեն Նարեկ Մանուկյանը և Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը: «Ողջունում եմ ֆորումը Շիրակում անցկացնելու գաղափարը: Այս գիտաժողովները միավորում են մեր գործընկերներին. փորձի փոխանակումներն ի նպաստ մեր ազգաբնակչության են»,-իր խոսքում նշեց Գյումրու ԲԿ-ի տնօրեն Արմեն Իսահակյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում Գյումրու բժշկական կենտրոնում կբացվի վերազինված քիմաթերապիայի բաժանմունքը:

Ֆորումի ընթացքում զեկույցներով հանդես եկան ՈՒԱԿ-ի բաժանմունքների ղեկավարները՝ մարզային գործընկերների հետ կիսվելով իրենց փորձով:

«Ֆորումը հետապնդում է իրազեկման և փոխհամագործակցության նպատակ՝ Հայաստանի ուռուցքաբանության ոլորտում առկա և հասանելի ծառայությունների մասին մարզային բուժաշխատողների իրազեկվածության բարձրացման, Հայաստանի ուռուցքաբանության ոլորտում ձեռքբերումների և ուղենշվող զարգացումների հետ ծանոթացման, ինչպես նաև ՈՒԱԿ-ում իրականացվող բացառիկ վիրահատությունների ու մատուցվող ծառայությունների ներկայացման համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց  ՈՒԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանը՝ տեղեկացնելով, որ մի բան է այն, ինչ կա Երևանում, մեկ այլ՝ մարզերում, իսկ կենտրոնը, լինելով առաջատար, նմանատիպ իրազեկման ակցիաներ է իրականացնում մարզերում: «Գյումրու բժշկական կենտրոնի հետ մենք սերտ համագործակցում ենք՝ կենտրոնում առաջիկայում բացվելու է նորացված քիմաթերապիայի բաժանմունք, որը սերտ համագործակցելու է ուռուցքաբանական կենտրոնի հետ: Ի դեպ,  մեր կենտրոնում ճառագայթային սարքավորումների խնդիրը լուծելուց հետո կանդրադառնանք նաև առաջնային Գյումրու կենտրոնում նման սարքավորման հարցը լուծելու»,- նշեց Նարեկ Մանուկյանը:

Հանրապետությունում 2021 թվականին, ըստ վիճակագրության, հայտնաբերվել է առաջնային 7500 հիվանդ: Հանրապետությունում ուռուցքային հիվանդություններ ունեցող հիվանդների  բուժումը 65-80 տոկոսով իրականացվում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում