Շիրակի մարզի դպրոցների ճաշարանները կհամալրվեն գույքով և սարքավորումներով

Շիրակի մարզի դպրոցների ճաշարանները կհամալրվեն գույքով և սարքավորումներով

ՀՀ կառավարության որոշմամբ Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող 128 հանրակրթական դպրոցներին հատկացվել են կապիտալ դրամաշնորհներ՝ 264 մլն 361 հազար դրամի չափով:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ վերոնշյալ գումարը կուղղվի ՀՀ Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող մի շարք հանրակրթական դպրոցների ճաշարանների համար անհրաժեշտ գույքի և սարքավորումների ձեռքբերմանը:

Ըստ նախարարի՝ Շիրակի մարզը մասնակցում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին, և 2018 թվականի սեպտեմբերից դրա ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի շրջանակում: Ծրագրի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է ապահովել դպրոցների ճաշարանների համապատասխան շենքային պայմաններ, ինչպես նաև գույքի, սարքավորումների և այլ անհրաժեշտ պարագաների առկայություն:

Նախարարի տեղեկացմամբ՝ վերոնշյալ միջոցներից 233 մլն 997 հազար դրամը՝ հատկացվել է Շիրակի մարզի դպրոցների խնայողությունների հաշվին, իսկ 30 մլն 363 հազար դրամը՝ ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի պետական բյուջեի վերաբաշխման միջոցով:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ մարզի 146 դպրոցում իրականացվել է ճաշարանների ուսումնասիրություն, և գնահատման արդյունքում պարզվել է, որ 31 դպրոց ունի թե՛ ճաշարանի կամ խոհանոցի ընթացիկ նորոգման կարիք, թե՛ խոհանոցային սպասքի և գույքի ու սարքավորումների ձեռքբերման կարիք, իսկ 132 դպրոց ունի խոհանոցային սպասքի և այլ պարագաների ձեռքբերման կարիք, ընդ որում՝ վերը նշված 132 դպրոցից 128-ն ունի նաև ճաշարանի և խոհանոցի համար գույքի ու սարքավորումների ձեռքբերման կարիք:

31 դպրոցի ճաշարանի և խոհանոցի ընթացիկ նորոգման աշխատանքները, ինչպես նաև 132 դպրոցի խոհանոցային սպասքով և այլ պարագաներով ապահովումը կիրականացվեն դպրոցների խնայողությունների հաշվին: 128 դպրոցի ճաշարանների և խոհանոցների գույքով և սարքավորումներով ապահովման ծախսերը, որոնք դասվում են կապիտալ ծախսերի հաշվին, հնարավոր է իրականացնել միայն ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ:

Ըստ նախարարի՝ որոշման արդյունքում կստեղծվի հնարավորություն, որ Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող բոլոր դպրոցներն ապահովվեն ճաշարանների և խոհանոցների գործարկման համար անհրաժեշտ գույքով և սարքավորումներով, որն էլ իր հերթին կնպաստի ծրագրի արդյունավետությանը:

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ Շիրակի մարզի ընդամենը 3 դպրոց է, որ չոր սնունդ է տրամադրում. մնացած դպրոցներն իրականացնում են տաք սննդով ապահովման ծրագիրը, ինչը կարևոր է երեխաների զարգացման և կրթության համար:

Նախարարի խոսքով՝ այս տարվա հունվարից ՀՀ մարզերի 1073 դպրոցներ ընդգրկված են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում, որի շահառուներն են տարրական դասարանների 102 հազար երեխաներ, որոնց տրվում է մեկանգամյա առողջ սնունդ: Յուրաքանչյուր սովորողի հաշվով պետբյուջեից օրական հատկացվում է 171 դրամ, որից 150 դրամը՝ սննդի ձեռքբերման ծախս, իսկ 20 դրամը՝ խոհանոցային աշխատանքների համար վարձատրություն: Կազմվում է երկշաբաթյա ճաշացանկ, որի մեջ ներառված է 20 սննդամթերք՝ երեխաներին տրամադրելու համար: Ծրագիրն իրականացվում է 2010 թվականից՝ ՄԱԿ պարենի համաշխարհային կազմակերպության միջոցով, սակայն այն աստիճանաբար՝ մարզ առ մարզ, փոխանցվել է պետբյուջե և անցած տարի Կոտայքի ու Արմավիրի մարզերի ներառմամբ՝ ծածկել ՀՀ բոլոր մարզերը:

«Այս իմաստով եզակի երկիր ենք, և այդ մասին նշում են նաև մեր գործընկերները, որ ՀՀ փորձը շատ երկրների համար օրինակելի է կայունության և շարունակականության ապահովման տեսանկյունից: Հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում ներդրվել է նաև ծրագրի կրթական բաղադրիչ. «Առողջ ապրելակերպ» դասընթացի շրջանակում առկա է առողջ սննդի մոդուլը, որը պրակտիկ կիրառություն է ստանում այդ դպրոցներում գործող ճաշարանների միջոցով», -ընդգծել է նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կարևորել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացումը և՛ կրթության, և՛ երեխաների առողջության տեսանկյունից: Նա հետաքրքրվել է՝ արդյոք իրականացվում է ծրագրի պատշաճ մոնիթորինգ:

Ի պատասխան՝ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը վարում է առանձին էլեկտրոնային շտեմարան և իրականացնում ծրագրի պարբերական մոնիթորինգ:

«Նշեմ, որ իրականում ծրագիրն ավելի լայն է, քան միայն ճաշարանների գործառնությունը: Ծրագրի շրջանակում ավելի քան 50 դպրոցում հիմնվել են ջերմոցներ և ինտենսիվ այգիներ, 90 դպրոցի տրամադրվել են արևային կայաններ, որի արդյունքում դպրոցները կարողանում են հոգալ իրենց հոսանքի ծախսը և անգամ խնայում այն ու արտադրված հոսանքն ամբողջությամբ չեն սպառում: Այս առումով այն նաև համայնքային զարգացման ծրագիր է»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ մյուս մարզերում ևս իրականացվում է կարիքների գնահատում, որպեսզի բոլոր դպրոցներն ապահովված լինեն ճաշարանների պատշաճ պայմաններով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում