Եթե Ալիևը շարունակի իրեն այսպես պահել, Ադրբեջանում չի բացառվում ապստամբությունը և նրա գահընկեց լինելը. Արտաշես Խալաթյան
Իրավագետ Արտաշես Խալաթյանի համոզմամբ՝ Ադրբեջանը ցանկանում է ստանալ Արևմուտքի լռությունը՝ առաջ տանելու առավելապաշտական նկրտումները, ինչպես եղավ 44-օրյա պատերազմի ժամանակ:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ այս համատեքստում նկատելով՝ ի տարբերություն ԼՂ հարցի՝ Հայաստանի նկատմամբ բնականորեն այլ է Արևմուտքի վերաբերմունքը:
«Աճել է Հայաստանի կարևորությունը աշխարհաքաղաքական կենտրոնների և մասնավորապես Արևմուտքի համար, և դա է պատճառը, որ Արևմուտքը Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի որևէ անօրինական նկրտում չի հանդուրժելու»,- ասում է նա:
Խոսելով պաշտոնական Բաքվից պաշտոնական Վաշինգտոնի հասցեին պարբերաբար հնչող «ջղաձգված» հայտարարությունների մասին՝ Խալաթյանը նկատում է՝ թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ միջազգային իրավունքի տեսանկյունից քաղաքակիրթ աշխարհը Հայաստանի կողքին է, Ադրբեջանը այլ ելք չունի, քան ԱՄՆ-ի դիրքորոշմանն ի պատասխան՝ նման կոշտ մեթոդներով արձագանքելը:
«Արևմուտքը չի լռելու, և նրա դիրքորոշումը հստակ է՝ ոչ մի միջանցքային տրամաբանություն, որևէ անկլավային կամ այլ դրդապատճառներով ՀՀ-ի տարածքի բռնագրավում, և այս ամենը նյարդայնացնում է Ադրբեջանին, ու դա է պատճառը, որ վերջինս արևմտյան բոլոր հարթակները ուղղակի կամ անուղղակիորեն մերժում է»,- կարծում է իրավագետն ու հավելում, որ միաժամանակ Ադրբեջանն ինքնուրույն խաղացող չէ, վերջինս արտահայտում է բռնապետական երկրների՝ իր հայրենակից Թուրքիայի, ՌԴ-ի և որոշակիորեն Չինաստանի մոտեցումները. «Ադրբեջանը ԼՂ-ի նկատմամբ իր հանցավոր գործողությունների քարտ-բլանշ ստացավ ՌԴ-ից և Թուրքիայից, և այսօր փաստացի Ադրբեջանի ղեկավարը իր վարձքն ունի վերադարձնելու՝ վճարելու այդ երկու պետություններին, իսկ դա նշանակում է, որ վերջինս պարտավոր է մերժել խաղաղության մասին ցանկացած նախաձեռնություն, որը գալիս է Արևմուտքից: Ալիևը նախևառաջ հանդես է գալիս որպես իր հովանավորների խոսափող, և ՌԴ-ն ու Թուրքիան գործնականում հավասար դերակատարում ունեն Ադրբեջանի ներկայիս պահվածքում»:
Խալաթյանի նկատառմամբ՝ վերոնշյալ եռյակի մտահոգությունները տեղին են, քանի որ եթե Արևմուտքը ստանձնում է բանակցային գործընթացի առաջամարտիկի դերը և հասցնում այն ավարտին՝ խաղաղության պայմանագրի, նշանակում է, որ Արևմուտքը լեգիտիմ կերպով մուտք է գործում տարածաշրջան:
«Դա բնական է, որ մեծ տարածաշրջանային հեգեմոնների դիրքերին է հարվածելու, առաջին հերթին՝ Թուրքիայի ու ՌԴ-ի, և բնական է, որ եթե հնարավոր չէ առայժմ ստիպել ՀՀ-ին Ադրբեջանի, իսկ իրականում ռուս-թուրքական պայմաններով խաղաղության գնալ, ուրեմն պետք է այս՝ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղության վիճակը պահել և հնարավորինս աշխատել ՀՀ-ի և Արևմուտքի թուլացման ուղղությամբ: Հիմա նյարդերի պատերազմ է ընթանում, և Ադրբեջանի համար նվազագույն ծրագիրն է ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակը շարունակել՝ մինչև ավելի նպաստավոր պահ գա՝ ՀՀ-ին ստիպելու գնալ զիջումների արդեն ոչ արևմտյան հարթակներում»,- ասում է զրուցակիցը:
Ըստ իրավագետի՝ Ադրբեջանի խաղաղության պատկերացումները ՀՀ-ի՝ որպես քաղաքական գորոծոնի չեզոքացումն է, ձախողված կամ ոչ կենսունակ պետության մակարդակի իջեցումը, որով Ադրբեջանը Հարավային Կովկասում առաջնորդի դեր է ցանկանում ստանձնել. «Երբ ՀՀ-ին կոչ է արվում ռեգիոնի շրջանակներում լուծել խնդիրը, նշանակում է համաձայնել «մատաղացու գառի» կարգավիճակին, և խաղաղությունը նույնացվում է ՀՀ-ի իրական կապիտուլյացիայի հետ: Հետևաբար ակնհայտ է, որ մեզ համար կենսական նշանակություն ունի Արևմուտքի աջակցությունը, իսկ Ադրբեջանի համար կենսական նշանակություն ունի Արևմուտքի դուրս մղումը տարածաշրջանից»:
Խալաթյանը կարծում է, որ Արևմուտքի՝ տարածաշրջանում հաջողության հասնելու դեպքում Ադրբեջանը ստիպողաբար բերվելու է խաղաղության պայմանագրի ստորագրման ՀՀ-ի հետ:
«Եթե Ադրբեջանը կրկին համառի, և Թուրքիան էլ իր դիրքորոշումը պահպանի, ապա ընդհուպ չի բացառվում Ադրբեջանում ապստամբության և Ալիևի բռնի գահընկեց լինելու տարբերակը՝ Սադամ Հուսեինի տարբերակով, քանի որ, ըստ էության, ժամանակին արևմտյան քաղաքական միտքը արտահայտում էր այն տեսակետը, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղություն հնարավոր է այն ժամանակ, երբ երկու երկրներում էլ կլինեն ժողովրդավարական իշխանություններ, և Արևմուտքի հաղթանակի պարագայում այս տեսակետը կարող է դառնալ դոմինանտ, եթե Ալիևը շարունակի իրեն նման կերպ պահել»,- ասում է իրավագետը:
Կարծիքներ