Ստամբուլում տեղի է ունեցել լրագրող Սագօ Արեանի գրքի շնորհանդեսը
Ստամբուլում տեղի է ունեցել լրագրող Սագօ Արեանի՝ «33 ձայն Ստամբուլից. ինչպե՞ս ճանաչեցի պոլսահայությանը» վերնագրով գրքի շնորհանդեսը։
«Որտեղի՞ց մտնեմ,- ասացի ինքս ինձ։ Վերքերի և անցյալի ձայների որոնումն էր, որ հետս առաջին անգամ տարա Պոլիս... Այս գիրքը սովորական հարցազրույցների կամ գաղափարների ժողովածու չէ, այլ Պոլսում ապրված հարցազրույցների արգասիք է։ Այս աշխատությունը սկիզբ է դնում նոր ընթացքի, որտեղ շեշտակիորեն ընդգծվում է հայկականությամբ շնչող և ապրող Պոլիսը՝ լայն և բոլորին հասանելի պրիզմայով դիտելու հնարավորությունը»։
Ինչպե՞ս են ապրում Թուրքիայի հայերը, ի՞նչ խնդիրներ, մտահոգություններ ունեն, ինչպե՞ս են հնագույն Պոլիս քաղաքում պահպանվում հայերենը, հայկական մշակույթը, և ի՞նչ ջանքեր են գործադրում պոլսահայերը՝ ազգային դիմագիծը չկորցնելու համար։ Ինչո՞ւ են այնտեղ ապրող հայերից ոմանք գերադասում թուրքերեն խոսել, իրենց երեխաներին օտար դպրոցներ ուղարկել, ի՞նչ գին ունի անվտանգությունը...
Լրագրող, հրապարակախոս Սագօ Արեանը վերջին տաս տարիների ընթացքում բազմիցս շփվել է Ստամբուլի հայության հետ՝ փորձելով նրանցից ստանալ այս հարցերի պատասխանները: Նա ստամբուլաբնակ 33 հայերի հետ կատարած իր հարցազրույցները ամփոփել է գրքի մեջ՝ փորձելով մեկ հարթակում լսելի դարձնել հայության ամենատարբեր խավերի ձայնը:
Շնորհանդեսի բանախոսները՝ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանն ու «Ակօս» երկլեզու շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը, Ս. Խաչ Դպրեվանքի խնամակալության ատենապետ պրոֆ. Թորոս Ալճանը, երգչուհի Սիբիլն ու լրագրող Բիանքա Սարըասլանը, բարձրաձայնեցին պոլսահայ համայնքի նորօրյա վիճակն ու այն մարտահրավերները, որոնք ծառացել են անցնող տասնամյակների ընթացքում։
Մամուլի ասուլիսն առիթ դարձավ, որ լրագրողի գիրքն արդարացնի իր ծնունդը. ներկաներն առնչվեցին ներհամայնքային բազմաշերտ խնդիրների՝ Թուրքիայի Հանրապետության փոքրամասնությունների հանդեպ վարած քաղաքականության ազդեցությունը հայ համայնքի վրա, թաղային խորհուրդների ընտրությունները, հայության ներսում առկա երկպառակությունները, ազգային արժեքներին դավանող հայերի աստիճանաբար նվազելն ու առհասարակ հայի նահանջը սեփական արմատներից, նույնիսկ՝ հայերենից, դպրոցից։
Այս մտահոգությունների մթնոլորտում բանախոսները անդրադարձան խնդիրների լուծման ճանապարհներ գտնելու, ռազմավարություն մշակելու անհրաժեշտությանը՝ ընդգծելով համայն հայության կյանքում պոլսահայ համայնքի ուրույն դերն ու կարևորությունը։
Ձեռնարկի ավարտին մասնակիցները ջերմորեն շնորհավորեցին լրագրողին այսօրվա Պոլիսը նոր պատուհանից՝ անկեղծ լույսի ներքո ներկայացնելու հաջող փորձի առիթով։
«Շատ խիստ չդատեք, կարդացեք և ձեր սրտի պատուհանից նայեցեք այսօրվա Պոլիսին, որի տևական ներկայությունն իրական օղակ է՝ մի ոսկեեզր օղակ մեր ժողովրդի հավերժության մեծ մատյանի մեջ»,- ասում է հեղինակը։
Լիլիթ Պողոսյան, Թուրքիա
Կարծիքներ