«Տաբուրետկաների» համար կռիվ տալն ինձ համար չէ, ում ուզում են, թող իմ փոխարեն նշանակեն, բացի Մամեդյարովից. Դավիթ Բաբայան

«Տաբուրետկաների» համար կռիվ տալն ինձ համար չէ, ում ուզում են, թող իմ փոխարեն նշանակեն, բացի Մամեդյարովից. Դավիթ Բաբայան

Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի խոսքով՝ յուրաքանչյուր բանակցություն, անկախ դրա ֆորմատից, անհրաժեշտություն է: Վերջինս համոզված է՝ ավելի լավ է բանակցել, քան պատերազմել:

Բաբայանի հետ «Հայկական ժամանակ»-ի ամբողջական զրույցը՝ ստորև.

- Պարոն Բաբայան, Բրյուսելում և Պրահայում տեղի ունեցող բանակցությունները կարծես թե փոխարինում են Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցող բանակցություններին: Ինչպե՞ս եք գնահատում սա:

- Մեզ համար Մինսկի խմբի ձևաչափը շատ կարևոր է: Սա միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափն է, որտեղ Արցախի սուբյեկտայնությունը ֆիքսվել է: Ադրբեջանի կոկորդին սա, իհարկե, մնացել է, որից ցանկանում է ձերբազատվել: Ադրբեջանն ամեն բան անելու է, որ այս ձևաչափը չլինի, և շատ լավ կլինի, որ դա Հայաստանն իր ձեռքերով անի: Հասկանում ենք, որ հիմա Արևմուտքի և ՌԴ-ի հարաբերությունները գերլարված են, բայց դա չի նշանակում, որ միշտ այդպես է լինելու: Հետևաբար, մենք պետք է պահպանենք Մինսկի գործընթացը, որովհետև դրա գործունեությունն ընդամենը սառեցված է, ոչ թե դադարեցված: Պետք է նաև արձանագրենք, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները առանձին աշխատում են մեզ հետ:

- ՀՀ իշխանությունները գնում են խաղաղության օրակարգի հաստատման ճանապարհով, սակայն սրան զուգահեռ Հայաստանի և Արցախի սահմանների երկայնքով ադրբեջանական ԶՈՒ-ն պարբերաբար սադրանքների է դիմում: Խաղաղության պայմանագրի կնքումը մոտալուտ ժամանակներում իրատեսական համարո՞ւմ եք:

- Ով չի ուզում, որ լինի խաղաղության պայմանագիր, այն շատ կարևոր է: Պետք է հարցերը հստակեցվեն: Ադրբեջանն այդ խաղաղության պայմանագիրը ցանկանում է որպես պատրվակ՝ Արցախի ճանաչումն իրենց կազմում տեսնելու հարցում: Դա մեզ համար անընդունելի է: Իմ համոզմամբ՝ կատարյալ խաղաղություն գոյություն չունի: Խաղաղությունը դա հավասարակշռություն է: Միայն բարի կամքի հիման վրա հենվել չենք կարող, քանի որ մարդկությունը դեռ դրան չի հասել, մանավանդ Ադրբեջանը և Թուրքիան: Եթե մենք ցանկանում ենք խաղաղություն լինի, ապա առաջին հերթին պետք է լինի կայունություն:

- Վերջերս Արցախում տեղի ունեցավ մեծ հանրահավաք, որը բավականին բուռն արձագանք ստացավ: Շատերը Արցախի իշխանություններին և արցախցիներին մեղադրեցին ՌԴ-ի կազմի մեջ մտնելու ցանկություն ունենալու համար: Այդ խոսակցություններն ավելի սրվեցին, երբ հանրահավաքի ժամանակ նշմարվում էին ՌԴ-ի ու Արցախի դրոշները, և կար քննադատություն ՀՀ-ի դրոշների բացակայության մասին:

- Այդ ամենը չի համապատասխանում իրականությանը: Որոշ շրջանակների տարածած սուտն է: Հանրահավաքին ՀՀ-ի դրոշներ եղել են: Ամոթ է նման լուրեր տարածելը: Այն մարդիկ, որոնք նման լուրեր են տարածում, պատվեր են կատարում: Եթե նայեք հանրահավաքի տեսանյութերը, կտեսնեք, որ Հայաստանի դրոշներն առկա են, ի վերջո, Արցախի դրոշն էլ է հայկական: Հայաստանի Հանրապետության դրոշը նաև ծածանվում է Արցախի նախագահականի դիմաց, կապ չունի՝ հանրահավա՞ք է տեղի ունենում, թե՞ ոչ:

Ինչ վերաբերում է ՌԴ-ի կազմի մեջ մտնելու արցախցիների ցանկություններին. մարդիկ անգրագետ են, ապուշ, չգիտեն տարրական քարտեզ. որտեղ ենք մենք գտնվում, որոնք են այն երկրները, որոնք մեզ հարևան են, որտեղ են Թուրքիան և Ադրբեջանը: Մարդիկ Ռուսաստանին վերաբերվում են որպես մեզ թշնամի: Առանց Ռուսաստան չկա Հայաստան: Թուրքիան մեզ կհոշոտի: Եթե ռուս խաղաղապահները չլինեն, Արցախը չի լինի: Այն մարդիկ, որոնք կեղտոտում են Ռուսաստանին, փաստորեն, նրանց գերնպատակը Արցախի ոչնչացումն է: Ռուսաստանը մեզ համար եղբայր է: Բայց մենք պետք է բոլոր երկրների հետ էլ պահպանենք մեր լավ հարաբերությունները: Մենք ունենք 2 միլիոն հայ ԱՄՆ-ում, մարդիկ, որոնք միշտ եղել են ՀՀ-ի ու Արցախի կողքին: Մենք ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ի հետ վատ լինենք: Մենք պետք է լինենք իմաստուն, մեր բոլոր խնդիրները իմաստության բացակայության մեջ է:

- Խոսենք նաև ներքաղաքական հարցերի մասին. Արցախի կառավարությունն օրեր առաջ ֆունդամենտալ փոփոխության ենթարկվեց. պաշտոններից ազատվեցին գրեթե բոլոր նախարարները: Սա արցախցու պահա՞նջն էր, քաղաքացիները դժգո՞հ էին Կառավարության աշխատանքից, թե՞ Արցախի նախագահն էր դժգոհ:

- Կառավարության անդամների փոփոխությունը նորմալ պրակտիկա է: Նոր պետնախարար է նշանակվել, պետք է նոր թիմ ձևավորվի: Կարևոր է, որ Կառավարության նոր անդամները լինեն պրոֆեսիոնալներ և հայրենասերներ:

- Նոր պետնախարար Ռուբեն Վարդանյանը խնդիրնե՞ր ուներ նախորդ թիմի հետ:

- Նոր պետնախարարը հայտարարեց, որ ունի նոր ծրագրեր, և դրանք հավանության են արժանացել նախագահի կողմից: Պետք է աշխատի, տեսնենք՝ ինչ է ստացվում:

- ԱԳ նախարարի պաշտոնում Ձեզ փոխարինող մի շարք անուններ են ԶԼՄ-ներում շրջանառվում: Տեղյա՞կ եք, թե ով է նշանակվելու:

- Ես միշտ հայտարարել եմ՝ «տաբուրետկաների» համար կռիվ տալն ինձ համար չէ, դա ես անբարոյական եմ համարում՝ որպես Դավիթ Բաբայան, արցախցի, քաղաքական գործիչ ու դիվանագետ: Ես ցանկացել եմ ինչ-որ ձև պիտանի լինել իմ ժողովրդին: Ինձ համար մեծ ազդեցություն չունի, թե ում կնշանակեն իմ փոխարեն, կարևորը Մամեդյարովին չնշանակեն, մնացածը ոչինչ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում