Մնաց մեկ ամիս. ԱՄՆ վարչակազմի առավելագույնը Կովկասում

Մնաց մեկ ամիս. ԱՄՆ վարչակազմի առավելագույնը Կովկասում

«Մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը կաշխատենք Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- հայտարարել է պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը, խոսելով դեմոկրատական վարչակազմի մասին՝ հայ-ադրբեջանական գործընթացի համատեքստում: Ըստ էության՝ ԱՄՆ դեմոկրատական վարչակազմին, ասել է թե ներկայիս պետքարտուղարության ղեկավար կազմին պաշտոնավարելու համար մնացել է մեկ ամիս ժամանակ: Ի՞նչ է հնարավոր անել այդ ընթացքում, եթե մինչ այդ փաստորեն հնարավոր չի եղել հասնել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ ամբողջական համաձայնության:

Ավելին, այսօր մենք տեսնում ենք Ադրբեջանի դիրքորոշումների կարծրացում, նոր պահանջներ, ինչպես նաև ամերիկա-ադրբեջանական որոշակի լարվածություն Բաքվում այսպես ասած քաղաքական ազատությունների թեմայով: Իլհամ Ալիևը իր վերջին հարցազրույցի ընթացքում, որ տալիս էր ռուսաստանյան պրոպագանդիստ Կիսելյովին, Բայդենի վարչակազմը որակում էր որպես պարտադրող:

Իհարկե, այդ վարչակազմը Ադրբեջանի հանդեպ, ըստ էության, գործնականում առումով չի կիրառել պարտադրանքի որևէ էական մեխանիզմ, թեև անկասկած է, որ ԱՄՆ ուներ այդպիսի մեխանիզմներ:

Բայց, այդուհանդերձ, եթե անգամ քարոզչական ինչ-ինչ հաշվարկներով Ալիևը սրում է ԱՄՆ ուղղությամբ հռետորաբանությունը, դա նշանակում է, որ նա պատրաստվում է արդեն ԱՄՆ նոր վարչակազմին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում