Կրթությունը հզոր զենք է. ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի ուղերձը

Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ: Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ
Հարգելի՛ ուսուցիչներ, դասախոսներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, ծնողներ
Երկրապահ կամավորականների միության եւ վարչության անունից շնորհավորում եմ ձեզ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:
Կրթությունը եւ գիտելիքը հայ իրականության մեջ ունեցել են իրենց կայուն տեղն ու նշանակությունը: Հազարամյակներ շարունակ հայը տարբեր բնագավառներում ցուցաբերել է բարձր առաջադիմություն:
Կրթությունը հզոր զենք է: Մենք պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենանք կրթությանն ու յուրացնենք յուրաքանչյուր մանրուք: «Մեր նպատակն է դպրոցից սկսած՝ նոր սերնդին դաստիարակել այնպես, որ իմանա՝ ինքն ով է, ինչ պատմություն ունի, որտեղից է գալիս եւ ուր է գնալու», ասում էր ԵԿՄ հավերժ նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանը:
Ես համոզված եմ, որ մեր երեխաները ստանալու են բարձր ու անհրաժեշտ գիտելիքներ:
Սիրելի՛ մանկավարժները՝ ուսուցիչներ, դասախոսներ,
Անգնահատելի է այն ահռելի աշխատանքը, որը դուք եք իրականացնում:
Շնորհավորում եմ Ձեզ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ եւ հայտնում իմ շնորհակալությունը:
Առանձնահատուկ շնորհավորանքս ուսումնական հաստատություններ այս տարի առաջին անգամ հաճախող աշակերտներին, ուսանողներին: Թող կրթության տարիները լինեն արդյունավետ, հաջողակ, բովանդակալից:
Առանձնահատուկ շնորհավորանքս նաեւ մեր «Պատանի երկրապահ» ակումբի սաներին:
Իմ սիրելի՛ պատանիներ, բարձր պահեք Պատանի երկրապահի անունը, սովորեք բարձր առաջադիմությամբ եւ հիշեք, որ կրթված հասարակությունն անպարտելի է ու կարող է դիմակայել ցանկացած մարտահրավերի:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի օրվա առթիվ, մաղթում՝ հաջողություններ ուսուցման եւ ուսումնառության դժվարին, բայց պատվաբեր գործում:
Բարի երթ դեպի նոր ուսումնական տարի»:
Կարծիքներ