Լքված նորածինը ծնվել է օգոստոսի 10-ին և ոչ հիվանդանոցային պայմաններում, մոտ 2,5 կգ քաշով աղջիկ է. բժիշկ
Օգոստոսի 10-ին Երևանի Հալաբյան փողոցում հայտնաբերված լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10-ին և ոչ հիվանդանոցային պայմաններում:
Այս մասին ասել է Արմենիա ԲԿ ծննդատան փոխտնօրեն, նորածնային ծառայության ղեկավար Արշակ Ջերջերյանը:
Բժշկի խոսքով՝ եթե որևէ բարդություն չառաջանա, երեխայի վերականգնումը կտևի 20-22 օր, որի ավարտից հետո երեխան կտեղափոխվի մանկատուն։
Ըստ Ջերջերյանի՝ երեխան ընդունվել է հիվանդանոց օգոստոսի 10-ին` ժամը 21։15-ի սահմաններում, վիճակը գնահատվել է ծանր, քանի որ երեխայի մարմնի ջերմաստիճանը հասել է 30–ի, գրանցվել է հիպոթերմիա, որը կրիտիկական է և շատ վտանգավոր հատկապես նոր ծնված երեխաների համար։
Ըստ պրոտոկոլի՝ չի կարելի երեխային միանգամից տաքացնել, պետք է ժամը մեկ կես աստիճանով բարձրացնել ջերմաստիճանը,իսկ հիմա երեխայի ջերմաստիճանը նորմալ է:
Բժշկի խոսքով՝ երեխայի պորտալարը կապել են նրանք, ովքեր գտել են։ Հիվանդանոց ընդունվելիս երեխան դեռ 25 սմ երկարությամբ պորտալար է ունեցել։
Ջերջերյանը, անդրադառնալով երեխայի շնչառական խնդրին ու թթվածնային ապարատի առկայությանը, նշել է, որ դա վաղաժամ ծնվելու հետևանք է։ Իրենց հաշվարկներով երեխան ծնվել է 36 շաբաթականում։
«Զարգացման արատներ չեմ տեսնում, նաև ասեմ, որ բռնության հետքեր չկան։ Երեխայի քաշը 2550 գրամ է, հասակը` 40 սմ։ Շնչում է ինքնուրույն, մենք հատուկ սարքով օգնում ենք, որպեսզի երեխայի թոքերում լինի մշտապես դրական ճնշում, որպեսզի ավելի ազատ շնչի։ Դա գուցե 2–4 օր տևի»,– ասել է նա։


Կարծիքներ