Հոկտեմբերին Շիրակի մարզում ՏԻՄ ընտրություններ են. Արթիկում և Ախուրյանում ՔՊ թեկնածուների մասով որոշում դեռ չկա

Հոկտեմբերին Շիրակի մարզում ՏԻՄ ընտրություններ են. Արթիկում և Ախուրյանում ՔՊ թեկնածուների մասով որոշում դեռ չկա

«Հոկտեմբերին հանրապետության մի շարք համայնքներում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ։

Հոկտեմբերի 25-ին դրանք կանցկացվեն Շիրակի մարզի Արթիկ և Ախուրյան խոշորացված համայնքներում։ Այս տարի ընտրություններ նախատեսված են նաև մարզի Աշոցք և Ամասիա համայնքներում, սակայն ընտրությունների օրը դեռ նշանակված չէ»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:

Նա հավելել է, որ Արթիկ և Ախուրյան համայնքներում առաջադրվելիք թեկնածուների մասով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը դեռևս վերջնական որոշում չի կայացրել։

«Այս պահին դեռ անուններ չենք բարձրաձայնում, երբ որոշումը կայացվի, նոր կբարձրաձայնենք։ Կա ընթացակարգ․ վարչությունը պետք է հաստատի մարզպետի ու նախարարի առաջարկը, բայց, բնականաբար, «սյուրպրիզներ» չեն լինելու»,- նշել Շիրակի մարզպետը՝ վստահեցնելով, որ որոշումները լինելու են տրամաբանության շրջանակում։

Անդրադառնալով Գյումրի և Ախուրյան համայնքների միավորմանը, ինչը կարող է հանգեցնել նոր ընտրությունների անցկացման, մարզպետը նշել է, որ այդ քննարկումներին այս պահին անդրադառնալու իմաստ չի տեսնում։

«Չեմ ուզում անդրադառնալ այն խոսակցություններին, որոնք Գյումրիում շրջանառվում են, որովհետև Գյումրիում ամեն օր մի նոր խոսակցություն է շրջանառվում։

Բայց այն, որ Գյումրիում կա խնդիր, ու որ այդ խնդիրը լուծվելու է, դա էլ է միանշանակ։ Այս վիճակով պահել ու շարունակել ղեկավարել Գյումրին չի կարելի, քանի որ դրա շահառուն գյումրեցիներն են։ Միայն կարող եմ ասել՝ այն, ինչ տեղի է ունենալու, տեղի է ունենալու ՀՀ օրենքների սահմաններում ու օրենքով տրված մեր հնարավորությունների սահմանում»,- ավելացրել է Շիրակի մարզպետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում