Շրջայց՝ Կապանի և Գորիսի դրամատիկական թատրոններում
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր եղել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններում:
Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը: Պաշտոնյաները շրջել են կառույցներում, ծանոթացել դրանց ստեղծագործական գործունեությանը, ենթակառուցվածքներին, առկա պայմաններին ու խնդիրներին:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը երկու թատրոններում էլ ընդգծել է ստեղծագործական գործունեությանն առնչվող հարցերի կարևորությունը՝ հորդորելով ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ թատրոններում գեղարվեստաստեղծագործական բարձր որակ ապահովելու և այն շարունակաբար զարգացնելու ուղղությամբ։ Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է թատրոնների խաղացանկային քաղաքականությանը, դրա բազմազանության ապահովմանը և հետագա ծրագրերին, հետաքրքրվել հանդիսատեսի հաճախելիությամբ և նոր լսարանների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքներով։
Անդրադարձ է կատարվել նաև նոր ստեղծագործական ծրագրերի իրականացման անհրաժեշտությանը և հրավիրյալ ստեղծագործական ներուժի ընդլայնմանը։ Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև մայրաքաղաքի ստեղծագործական ներուժը մարզային թատրոնների գործունեության մեջ առավել ակտիվ ներգրավելու հարցը՝ նպաստելով փորձի փոխանակմանը, նոր համագործակցությունների ձևավորմանն ու մարզերում թատերական կյանքի ակտիվացմանը։
Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է շենքային պայմաններին, ենթակառուցվածքներին և գույքային հագեցվածությանը: Նշվել է հավելյալ պայմանների ապահովման անհրաժեշտությունը: ԿԳՄՍ նախարարին ներկայացվել է կառույցի ընդլայնման հայեցակարգը՝ առավել բարենպաստ և ժամանակակից ստեղծագործական միջավայրի ձևավորման նպատակով։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է ընդլայնման նախագծի առավել մանրամասն քննարկումը և հնարավոր լուծումների դիտարկումը:
Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ևս նախարարին ներկայացվել են շենքային պայմանները, ենթակառուցվածքային խնդիրներն ու թատրոնի բնականոն գործունեության համար անհրաժեշտ բարելավումները։ Նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է դիտարկել համալիր մոտեցումներ՝ հաշվի առնելով թատրոնի զարգացման հեռանկարները, ստեղծագործական գործունեության պահանջները և հանդիսատեսի համար պատշաճ պայմանների ապահովումը։
Կարևորելով տեղում թատրոնների խնդիրների քննարկումը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ մարզային թատրոնների զարգացումը Կառավարության առաջնահերթություններից է, որտեղ մշակույթի ապակենտրոնացումը սահմանված է որպես ռազմավարական թիրախ: Նրա դիտարկմամբ՝ թատերական կյանքի զարգացումը մարզերում դրա ամենաառանցքային բաղադրիչներից է: Նախարարը հույս է հայտնել, որ օրվա քննարկումները կարևոր որոշումների կայացման և աստիճանաբար առաջ շարժվելու լավ հիմք կլինեն:


Կարծիքներ