Ղազարյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները հարվածեցին սեղաններին, ՔՊ պատգամավորները ծափահարեցին

Ղազարյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները հարվածեցին սեղաններին, ՔՊ պատգամավորները ծափահարեցին

«Ես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, իմ աղջիկները կնքվել են Սուրբ Սարգիս եկեղեցում, ես ամուսնացել եմ ՀԱԵ-ում, և իմ դավանանքն ասում է, որ վեհափառը չի կարող կուսակրոնության երդումը դրժած լինել: Իսկ ձեր կրոնում ինչպե՞ս է: Ձեզ մոտ վեհափառը կարո՞ղ է զավակ ունենալ»:

Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների այն դիտարկմանը, թե կրոնական տարբերություն կա ԱԺ իշխող ուժի և ընդդիմության միջև:

«Այսինքն՝ եթե դուք Գրիգոր Լուսավորչի օրինակն եք բերում, հաստատում եք, որ Կտրիճ Ներսիսյանը զավակ ունի, և դա ձեզ համար ընդունելի է»,- ընդգծեց պատգամավորը, որից հետո ընդդիմադիրները, ի նշան բողոքի, որ Սոնա Ղազարյանը Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան) ավազանի անունով է դիմում, սկսեցին հարվածել սեղաններին:

Հաջորդ ելույթը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանինն էր, և երբ նա Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան) կոչեց վեհափառ, Ամենայն հայոց կաթողիկոս, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները սկսեցին հարվածել սեղաններին, իսկ ընդդիմադիրները սկսեցին ծափ տալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում