Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ վերջին հայտարարությունները՝ նշելով, որ ստորագրված փաստաթղթերում նման արտահայտություն չկա։
«Այստեղ փաստարկի ու հակափաստարկի հարց ընդհանրապես չկա։ Կան ստորագրված փաստաթղթեր, հայտարարություններ, նույնիսկ՝ նախաստորագրված համաձայնագրի նախագիծ, և այդ բոլոր փաստաթղթերում որևէ տեղ չեք հանդիպի «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը. նման բան չկա։
Քաղաքական խոսույթի մակարդակում շատերը շատ բան կարող են ասել։ Մենք էլ ենք ասում, որ նման հասկացություն, նման տերմինով ենթակառուցվածք Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն չունի։ Հայաստանի տարածքում գոյություն ունի ԹՐԻՓՓ նախագիծը, որի տակ դրված են Ադրբեջանի նախագահի, ԱՄՆ նախագահի և Հայաստանի վարչապետի ստորագրությունները։ Դրան հաջորդել են այլ փաստաթղթեր ևս, այդ թվում՝ օրեր առաջ հրապարակված եռակողմ համատեղ հայտարարությունը՝ օգոստոսի 8-ի համաձայնության մեկամյակի առիթով, և այնտեղ ևս այդ արտահայտությունը չկա»,- ասաց Եղոյանը։
Անդրադառնալով Հարավային Կովկասում ճանապարհների ապաշրջափակմանը և դրանց շահավետությանը՝ պատգամավորը նշեց, որ գործընթացը ձեռնտու է թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար։
«Եթե ձեռնտու չլիներ, այդ փաստաթուղթը չէր ստորագրվի։ Տարածաշրջանի ապաշրջափակումը ստորագրված փաստաթղթերում նկարագրված պայմաններով, բնականաբար, ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։ Հակառակ դեպքում նրանց ստորագրություններն այնտեղ չէին լինի։ Շատ լավ է, որ այդ պայմաններով ապաշրջափակման հարցում տեսակետները համընկնում են»,- ասաց Եղոյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգոստոսի 11-ին Նախիջևանում Ադրբեջանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումն անվանել էր Ադրբեջանի նախաձեռնությունը, իսկ Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապելը՝ իրենց «վաղեմի երազանքը»։ Օգոստոսի 10-ին հրապարակված ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության մեջ նախագիծը հիշատակվում է որպես ԹՐԻՓՓ։


Կարծիքներ