20 միլիոն դրամ Գյումրու բյուջեից՝ Արցախին

20 միլիոն դրամ Գյումրու բյուջեից՝ Արցախին

Գյումրու ավագանու այսօրվա նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ, ի հիշատակ Արցախում նահատակված զինվորների։

Ավագանու օրակարգային հարցերի թվում քննարկվեց և հաստատվեց «Մենք ենք, մեր սահմանները, բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին միանալու հարցը:

Ավագանու միաձայն որոշմամբ «Հայաստան համահայկական հիմնադրամին»  կփոխանցվի 20 մլն դրամ, որից 10 մլն-ը Արցախի կարիքների համար, 10 մլն-ը Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վերականգնմանը։ Նիստի սկզբում   Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց

«Սկզբում 10 մլն էինք նախատեսել, հետո որ եկեղեցու ավերումը եղավ, ևս 10 մլն ավելացրեցինք: Հիմա անպայման մենք այնպես ենք անելու, որ էդ 20 մլն-ից 10 միլիոնը գնա հենց եկեղեցուն: Հիմնադրամի հետ կխորհրդակցենք, կհասկանանք, թե ինչպես ենք այդ գումարը փոխանցելու: Եթե պետք է, Շուշիի քաղաքապետարանին կփոխանցենք, եթե ասեն՝ հիմնադրամին, ուրեմն հիմնադրամին կփոխանցենք»,- հստակեցրեց քաղաքապետՍամվել Բալասանյանը:

Հարցի հիմնական զեկուցող քաղաքապետարանի ֆինանսական բաժնի ղեկավար Լենա Ջիլավյանը նշեց, որ ևս 50 մլն դրամ հիմնադրամին է փոխանցել «Գյումրի գարեջուր» ընկերությունը։ Քաղաքապետ Սամվել Բալասնյանն էլ ավելացրեց, որ այս դժվարին օրերին Գյումրիից  շատերն են իրենց մասնակցությունն ունեցել։

«Երբ կենաց ու մահու կռիվ է մղվում, շատ գյումրեցիներ են առանց բարձրաձայնելու մեծ գումարներ փոխանցել: Դա բոլորի պարտքն է: Բայց ես մեկ անգամ ևս բոլորիդ հորդորում եմ, որ թեկուզ 1000 դրամ փոխանցումներ անեք հիմնադրամին սրանով յուրաքանչյուրդ մասնակից եք դառնում հսկայական գործին, որ արվում է: Ձեր շրջապատում էլ բոլորին կոչ արեք: Բոլորին: Ուղղակի խնդրում եմ»,- ասաց Բալասանյանը:

Հիշեցնենք, նախօրեին հակառակորդը թիրախավորել և ռմբակոծել էր Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին էական մեծ վնաս պատճառելով հոգևոր շինությանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում