Ռուսական արվեստի թանգարանում կբացվի «Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» ցուցահանդեսը
Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) հուլիսի 1-ին տեղի կունենա «Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Առաջին անգամ ՀՀ -ում Ռուսական արվեստի թանգարանում կներկայացվեն հեղինակի բոլոր աշխատանքները, որոնք առկա են մեր հանրապետությունում։
Թանգարանը ցուցահանդեսը կազմակերպել է Հայաստանի ազգային պատկերասրահի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանի հետ համատեղ և «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի աջակցությամբ։
Այն նվիրվում է ռուս մեծ նկարիչ Միխայիլ Վռուբելի հոբելյանին, որի ծննդյան 165- ամյակը նշվեց սույն թվականի մարտի 17-ին, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահի 100- ամյակին։
«Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» ցուցահանդեսին ներկայացված 13 ստեղծագործություններից 9-ը Հայաստանի ազգային պատկերասրահի, իսկ 4-ը` Ռուսական արվեստի թանգարանի ֆոնդերից։ Այդ աշխատանքները Մ. Վռուբելին ներկայացնում են, որպես գեղանկարիչ, բեմանկարիչ, գծանկարիչ և քանդակագործ։
Հանդիսատեսը առաջին անգամ հնարավորություն կունենա տեսնելու Մ. Լերմոնտովի մահվան 50-ամյա տարելիցի առթիվ հրատարակված «Երկերի ժողովածուն», որի համար նկարազարդումներ են կատարել 18 լավագույն ռուս նկարիչներ՝ Այվազովսկին, Սուրիկովը, Շիշկինը, Րեպինիը, Վասնեցով եղբայրները, Պոլենովը, Վռուբելը և այլն։
Ա. Բախրուշինի անվ. պետական կենտրոնական թատերական թանգարանի (Մոսկվա) տրամադրած թվային նյութեր ցուցահանդեսը դարձնում են առավել հետաքրքիր և տեղեկատվական։
Կարծիքներ