Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Գավառի և Մարտունու դպրոցների տնօրենների հետ
Հոկտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել է Գավառի և Մարտունու տարածաշրջանների դպրոցների տնօրենների հետ։
Մարզպետը նախ շնորհավորել է ներկաներին Ուսուցչի օրվա առթիվ, մաղթել առողջություն և աշխատանքային հաջողություններ:
Խորհրդակցության ընթացքում Կարեն Սարգսյանն անդրադարձավ մարզի հանրակրթական դպրոցներում համավարակի դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը, կարգապահության ու փաստաթղթաշրջանառության պատշաճ ապահովմանը, ուսման որակի բարձրացմանը, ինչպես նաև ջեռուցման սեզոնի նախապատրաստական ու կազմակերպչական հարցերին։
«Հարկավոր է բացառել անհարկի բացակայությունները դպրոցներում, անթերի իրականացնել փաստաթղթաշրջանառությունը, բարձրացնել կատարողական կարգապահությունը։ Արդեն դիտվում է ջերմաստիճանի աստիճանական նվազում, ինչը հուշում է, որ ջեռուցման սեզոնի մեկնարկը մոտ է։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ջեռուցման համակարգերը նախապատրաստել գործարկման և անել հնարավորը, որպեսզի դասասենյակներում ապահովվի բավարար ջերմաստիճան։ Շատ կարևոր է նաև համավարակի դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը։ Ներկա դրությամբ մարզի մանկավարժների 75 տոկոսը ստացել է համավարակի դեմ պատվաստումներ, սակայն հարկավոր է պատկերը բերել ամբողջական տեսքի։ Ավելին, պետք է բացատրական աշխատանքներ տանել այն մանկավարժների հետ, ովքեր պատվաստումների դեմ հակաքարոզչություն իրականացնելու փորձեր կանեն»,-հրահանգել է մարզպետ Կարեն Սարգսյանը։
Նա միաժամանակ առաջարկել է դպրոցների տնօրեններին՝ օժանդակել ու քաջալերել այն մանկավարժներին, ովքեր հավաստագրեր ձեռք բերելու մրցույթներին մասնակցելու ցանկություն կհայտնեն:
Կարեն Սարգսյանը կարևորել է նաև դպրոցներում ուսման որակի բարձրացումը՝ դրամական խրախուսանք խոստանալով այն դպրոցներին, որոնք ուսումնական տարվա ավարտին կունենան ոսկե մեդալակիր աշակերտներ։
«Անցած ուսումնական տարում Գեղարքունիքի մարզում 9 հավակնորդներից ունեցել ենք ընդամենը 1 ոսկե մեդալակիր։ Սա խոսում է այն մասին, որ մենք համատեղ շատ անելիքներ ունենք՝ կրթության որակը բարձրացնելու ուղղությամբ։ Այդ պատճառով որոշել ենք դրամական խրախուսանք հատկացնել այն դպրոցներին, որոնք կունենան ոսկե մեդալակիր շրջանավարտներ»,-նշել է մարզպետը։
Հանդիպման ընթացքում հայտարարություններով հանդես են եկել մարզպետարանի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման, առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների պետերը՝ համապատասխանաբար խոսելով դպրոցների ֆինանսական վերաբաշխման և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման, մանկավարժների շրջանում համավարակի դեմ պատվաստումների իրականացման և դպրոցական ճաշարանների գործարկման մասին:
Անդրադառնալով դպրոցական ճաշարանների առաջիկա գործունեությանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հրահանգել է դպրոցների տնօրեններին՝ ճաշարաններում, աշխատանքի ընդունման հարցում, առաջնահերթությունը տալ Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին։ Այնուհետև Գեղարքունիքի մարզպետը պատասխանեց խորհրդակցության մասնակիցներին հուզող հարցերին։
Կարծիքներ