Հրշեջ-փրկարարական ջոկատների շենքեր են բացվել Գյումրիում և Ախուրյանում (լուսանկարներ)

Հրշեջ-փրկարարական ջոկատների շենքեր են բացվել Գյումրիում և Ախուրյանում (լուսանկարներ)

Գյումրիում և Ախուրյանում բացվել են հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերը: Արարողությանը մասնակցել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, նախարարի տեղակալներ Կարեն Սարուխանյանն ու Արմեն Փամբուխչյանը, Գյումրու քաղաքային և մարզային իշխանությունների, Շիրակի մարզի ուժային կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք, փրկարարներ, հյուրեր։

Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

Ախուրյանում և Գյումրիում հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերը կառուցվել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության, ՀՀ–ում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի և ՀՀ ԱԻ նախարարության աջակցությամբ։ Դրանք ամբողջությամբ համապատասխանում են ժամանակակից պահանջներին: Շինաշխատանքները մեկնարկել էին 2020 թվականի մայիսին: Ջոկատը համալրված է ժամանակակից գույք-սարքավորումներով, ավտոմեքենաներով, մասնագիտացված հրշեջ-փրկարարներով:

Գյումրի 2 ՀՓՋ-ի բացման արարողության ժամանակ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը նշել է, որ հայ-ամերիկյան համագործակցությունն արտակարգ իրավիճակների ոլորտում երկար և շարունակական պատմություն ունի:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի  գնահատմամբ՝ երկու կայանների հրշեջ-փրկարարական կարողությունների մեծացման շնորհիվ հնարավոր կդառնա 2 անգամ արագ արձագանքել արտակարգ իրավիճակներին և դա, անշուշտ, թույլ կտա փրկել մարդկային կյանքեր։

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը վստահորեն  ընդգծել ու կարևորել է արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման, բնակիչներին սպասարկելու որակի բարձրացումը։

Մարզպետը շնորհակալություն է հայտնել նման նախաձեռնության համար, որի արդյունքում բացվել են հրշեջ փրկարարական ջոկատների շենքերը։ Փրկարարներին համեմատելով բժիշկների հետ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ փրկարարները  նաև վտանգում են իրենց կյանք և շնորհակալություն է հայտնել նրանց աշխատանքը պատվով ու պատասխանատվությամբ կատարելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում