380 հետազոտությունից հակամարմին է հայտնաբերվել 61 բուժաշխատողի մոտ.թեստավորումները շարունակվում են
Հայաստանում «առաջնագծում» COVID-19-ի դեմ պայքարող բուժաշխատողների, նաև որոշ պոլիկլինիկաների անձնակազմերի շրջանում արվում է հակարմինների թեստավորում՝ պարզելու նրանք կորոնավիրուսով արդեն վարակվել են, թե ոչ: Հայաստանում նախատեսվում է COVID-19-ի հակամարմինների թեստավորում անել նաև բնակչության շրջանում:
«Թեստերն անում ենք «առաջնային գծում» COVID-19-ով պացիենտների բուժմամբ զբաղվող բուժաշխատողների շրջանում՝ ներառված են բժիշկները, բուժքույրերը, մայրապետերը և առողջության առաջնային պահպանման օղակում՝ այս դեպքում Երևանի պոլիկլինիկաների բուժաշխատողները: Ընտրել ենք խոշորագույնները, այնպես ենք արել, որ չլինի քաղաքի մի հատված, որտեղի պոլկլինիկա ընդգրկված չլինի: Մոտավորապես 1000-1100 բուժաշխատող կներառվի»,-ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը:
Սակայն աշխարհում դեռ գիտականորեն հնարավոր չի եղել պարզել, թե կորոնավիրուսով վարակվելուց հետո առաջացած հակամարմինները որքան ժամանակ են մնում օրգանիզմում և որքանով են պաշտպանում նորից վարակվելուց: «Կան հետազոտություններ, որոնք խոսում են այն մասին, որ հիվանդությունից 2-3 ամիս անց հակամարմինների խտությունն արյան մեջ կարող է բավականին նվազել: Բայց դա դեռևս չի նշանակում, թե մարդը իմունինտետ չունի: Իմունիտետը շատ բարդ համակարգ է, տարբեր բջիջներ են մասնակցում իմունիտետի ձևավորմանը, և այս թեստերն ուղղակի խոսում են հակամարմինների ներկայության մասին: Այսինքն՝ դեռևս շատ բաներ կան, որ գիտությանը հայտնի չեն»,-նկատեց Պետրոսյանը:
Այսպիսով, եթե հակամարմին է հայտնաբերվում, ենթադրվում է, որ իմունիտետ առաջացել է, բայց դեռևս հայտնի չէ, թե ամեն մեկի օրգանիզմում այդ իմունիտետը ինչ ժամանակով կպահպանվի՝ 3 ամսո՞վ, 1 տարո՞վ, թե՞ մինչև կյանքի վերջ: Պետրոսյանը հիշեցրեց՝ գրիպի օրինակով գիտեն, որ այն երկար ժամանակ չի պահպանվում, սակայն նոր կորոավիրուսի դեպքում դեռևս ոչինչ հստակ ասել հնարավոր չէ:
Այսպիսով նա նշեց՝ եթե անհատի մոտ հետազոտությամբ հայտնաբերվում է հակամարմին, նա դա կարող է նկատի ունենալ, բայց վարքագծային ոչ մի փոփոխություն չանել: Անհատը, եթե բուժաշխատող է, պետք է շարունակի կրել պաշտպանիչ համազգեստը, իսկ եթե սովորական քաղաքացի է, ապա պարտավոր է հետևել կանոններին՝ կրել դիմակ, պահպանել հեռավորություն, ձեռքերը ախտահանել:
Նյութի աղբյուրը՝ 1in.am
Կարծիքներ