ՄԱԿ-ը զգուշացնում է՝ Լիբանանում կարող է հումանիտար ճգնաժամ սկսվել
ՄԱԿ-ը զգուշացնում է, որ Լիբանանում կարող է լուրջ հումանիտար ճգնաժամ սկսվել։ Երկրում առանց այդ էլ խոշոր տնտեսական անկում էր, իսկ այժմ իրավիճակն ուղղակի աղետալի կարող է դառնալ։
Ինչպես ասվում է ՄԱԿ Համաշխարհաին պարենային ծրագրի հայտարարության մեջ, Բեյրութի նավահանգստի փլուզումը չի կարող չանդրադառնալ երկիր սննդամթերքի առաքումների վրա, ինչի հետևանքով գները կաճեն։ Կազմակերպությունը մտադիր է սննդի հավաքածուներ, ցորեն և ալյուր ուղարկել երկիր, գրում է BBC-ն։
Մինչ պայթյունն օգնության կարիք ուներ լիբանանցիների 75 տոկոսը, բնակիչերի 33 տոկոսը գործազուրկ էր, իսկ մոտ 1 մլն մարդ աղքատության շեմից ցածր էր գտնվում։
ԱՀԿ-ն հայտարարել է, որ հսկայական վնաս է հասցվել Լիբանանի առողջապահական համակարգին, քանի որ պայթյունի արդյունքում 3 հիվանդանոց է փլուզվել՝ ընդհանուր 500 մահճակալով։ Մյուս հիվանդանոցներում տեղերի պակաս կա, քանի որ հայրուրավոր վիրավորներ կան։
ԱՀԿ-ն բուժսարքավորումներ է մատակարարել, ինչպես նաև կոչ է արել 15 մլն դոլար հատկացնել առաջին անհրաժեշտության ծախսերը փակելու և կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակելու համար։ Պայթյունի արդյունքում դիմակներով, ձեռնոցներով և վիրուսից պաշտպանվելու այլ միջոցներով 17 կոնտեյներ է ոչնչացվել։
Լիբանանին օգնելու մտադրության մասին մի քանի երկիր է հայտարարել։ ԱՄՆ-ն 15 մլն դոլարի սննդամթերք և դեղորայք կուղարկի։ Հայաստանը Բեյրութին հումանիտար աջակցություն է ցույց տալու՝ ուղարկելով 3 ինքնաթիռ, որոնք բեռնված են լինելու դեղորայքով և սննդով։
Կարծիքներ