Ալցհայմերի հիվանդություն ունեցողի խնամատարի ուղեցույց է մշակվել․ ուսուցողական նյութերը կտարածվեն բուժհաստատություններում
Ալցհայմերի հիվանդության իրազեկման միամսյակի շրջանակներում առողջապահության նախարարության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ «Ալցհայմերի խնամք Հայաստան» և «ԴատաՓոյնթ Հայաստան» կազմակերպությունները մշակել են Ալցհայմերի հիվանդություն ունեցողի խնամատարի ուղեցույց:
Այն օգտակար և դյուրին տեղեկատվական գործիք է` նախատեսված Հայաստանում Ալցհայմերի հիվանդություն և դեմենցիայի (ծերունական թուլամտություն) այլ տեսակներ ունեցող մարդկանց հարազատների համար` հիվանդի խնամքը ճիշտ կազմակերպելու նպատակով:
Ուղեցույցում ներկայացված են `
Ալցհայմերի հիվանդության ախտանշանները և փուլերը
կանխարգելիչ միջոցները
վաղ հայտնաբերման 10 մոտեցումները
հիվանդության ընթացքը դանդաղեցնելու հնարավորությունները
տարածված միֆերը
հիվանդների հետ հաղորդակցման հմտությունները
աջակցության աղբյուրները Հայաստանում
Միաժամանակ, իրազեկման միջոցառումների շրջանակում տպագրվել են տեղեկատվական թերթիկներ, ինչպես նաև մասնագիտական գրքույկ՝ նախատեսված բժիշկների, բուժաշխատողների և խնամատարների համար։
10 հազար օրինակով ուսուցողական նյութերը կտարածվեն հանրապետության մարզերի բոլոր բուժհաստատություններում, ինչպես նաև տարեցների խնամքի հաստատություններում ու մասնագիտացված կլինիկաներում։
ԱՆ-ն նշում է նաեւ, որ սեպտեմբերի 29-ին ժամը 17։00-ին կիրականացվի վեբինար, որի շրջանակում բժիշկներին ու բուժաշխատողներին կներկայացվեն ուղեցույցի արդյունավետ կիրառման եղանակները։
Կարծիքներ